Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Անցկացվեց Լոռու մարզխորհրդի հերթական նիստը

26.04.2013

Ապրիլի 26-ին Վանաձորի «Լոռի» ժամանցի կենտրոնում անցկացվեց Լոռու մարզխորհրդի հերթական նիստը, որը վարում էր մարզպետ Արթուր Նալբանդյանը: Համայնքներում 2013թ. ապրիլի 1-ի դրությամբ սեփական եկամուտների հավաքագրման և համայնքային հիմնարկներում աշխատավարձերի պարտքերի մարման ընթացքի վերաբերյալ զեկուցմամբ հանդես եկավ Լոռու մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Սևակ Հովհաննիսյանը:
Նրա տեղեկացմամբ, 2013 թ. առաջին եռամսյակի ընթացքում համայնքային բյուջեների եկամուտների հավաքագրման վերլուծությունը ցույց է տվել, որ նախորդ տարվա համեմատությամբ եկամուտների աճը ապահովվել է 107.6 տոկոսով: Երեք ամսվա կտրվածքով նախատեսված եկամուտների հավաքագրումը կազմել է 97.5 տոկոս կամ նախատեսված 1 մլրդ 273.1 մլն. դրամի դիմաց հավաքագրվել է 1 մլրդ 240.7 մլն. դրամ:
Վերջին ամիսների վերլուծությունը ցույց է տվել, որ համայնքների սեփական եկամուտների հավաքագրման կայունացման միտում է նկատվում, սակայն մարզի 40 համայնքներում հավաքագրումը նախորդ տարվա նկատմամբ նվազել է: Առավել մեծ անկում ունեն՝ Շնողը՝ 59 տոկոս, Մղարթը՝ 53.4, Հաղպատը՝ 68.4, Դսեղը՝ 74.3, Արդվին՝ 38.9, Այգեհատը՝ 47.5, Մեդովկան՝ 60, Գոգարանը՝ 71, Վահագնաձորը՝ 56.3 տոկոս: Մարզի 21 համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշը 60 տոկոսից ցածր է, մինչև 50 տոկոս հավաքագրում ունի 10 համայնք:
Նույն ժամանակահատվածում հողի հարկի 89.4 մլն. դրամ պլանի դիմաց հավաքագրվել է ընդամենը 82.8 մլն դրամ, կամ 92.6 տոկոս (2012թ.ի համեմատությամբ հավաքագրումը կազմել է 120.1 տոկոս կամ ավել է հավաքագրվել 13.9 մլն. դրամ): Նախորդ տարվա նկատմամբ նվազում ունի 50 համայնք կամ համայնքների 44.2 տոկոսը: 36 համայնքի ընթացիկ պլանի կատարողականը 70 տոկոսից ցածր է, որոնցից առավել ցածր՝ մինչև 40 տոկոս հավաքագրում ունի 15 համայնք:
Տեղական տուրքերի հավաքագրման մակարդակը կազմել է 104.5 տոկոս, կամ 32.9 մլն. դրամի դիմաց հավաքագրվել է 34.4 մլն. դրամ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում հավաքագրումը կազմել է 93.4 տոկոս, փաստացի հավաքագրումը աճել է 2.8 մլն. դրամով կամ նախորդ տարվա նկատմամբ աճը կազմել է 109 տոկոս: Նախորդ ամիսների վերլուծությունից պարզ է դարձել, որ հավաքագրումն ունի աճման միտում: Նախորդ տարվա նկատմամբ հավաքագրման նվազում ունի 25 համայնք, որոնցից առավել մեծ՝ Նոր Խաչակապը՝ 6.5 տոկոս, Մեծավանը՝ 38, Շամլուղը՝ 44.4, Ձորագյուղը՝ 26.4, Արջուտը՝ 61.6, Ուրասարը՝ 30, իսկ Քարաձոր, Սարահարթ, Լեռնանցք, Միխայլովկա, Քարինջ, Նեղոց, Վահագնաձոր համայնքներում՝ ի տարբերություն նախորդ տարվա, գանձումներ չեն եղել: 44 համայնքում ընթացիկ պլանի կատարողականը 60 տոկոսից ցածր է, 27 համայնքում ընդհանրապես մուտք չի եղել:
Առաջին եռամսյակի ընթացքում համայնքների հողի և գույքի վարձակալության վճարների 51.8 մլն. դրամ պլանի դիմաց հավաքագրվել է ընդամենը 45.8 մլն. կամ 88.4 տոկոս, (2012թ.ի համեմատությամբ հավաքագրումը կազմել է 103.3 տոկոս), նախորդ տարվանից ավելի է հավաքագրվել 1.5 մլն. դրամ:
Նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատությամբ ըստ տարածաշրջանների գույքի վարձակալության հավաքագրման գումարները նվազել են՝ Թումանյանի տարածաշրջանում՝ 16, Գուգարքի՝ 10, Սպիտակի՝ 9, Ստեփանավանի և Տաշիրի 4-ական համայնքներում: Վարձակալական գումարների գանձում չեն կատարել Վահագնի, Պետրովկա, Ապավեն, Հարթագյուղ համայնքները, հավաքագրման մինչև 10 տոկոս ցուցանիշ ունեն Կաթնաղբյուրը, Մղարթը, Օձունը, Բլագոդարնոյեն, Միխայլովկան,Նովոսելցովոն:
2013թ. ապրիլի 1-ի դրությամբ մարզի համայնքների բյուջեների աշխատավարձերի պարտքեր չեն եղել:
Զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի գլխավոր մասնագետ Ռոբերտ Սարգսյանը ներկայացրեց «Լոռու մարզի 2014-2017թ.թ. սոցիալ տնտեսական զարգացման ծրագրի» կազմման աշխատանքների ընթացքը: Նա նշեց, որ այս տարի ավարտվում է ՀՀ կառավարության կողմից հաստատված Լոռու մարզային զարգացման 2010-2013թթ ծրագիրը: Այն մշակված է ՀՀ կառավարության 2008թ. սեպտեմբերի 18-ի թիվ 38-Ա որոշմամբ հաստատված մարզային զարգացման ծրագրերի կազմման ու իրականացման հայեցակարգի համաձայն, ըստ որի` մարզպետարանի, տեղական ինքնակառավարման մարմինների (համայնքի ղեկավարներ, ավագանու անդամներ, փորձագետներ), ինչպես նաև քաղաքացիական հասարակայնության ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից ստեղծվել է մարզային զարգացման հանձնաժողով (մարզպետի նախագահությամբ), մոնիթորինգի ու գնահատման խումբ և 7 ոլորտային աշխատանքային խմբեր (ՈԱԽ): Դրանք են՝ արդյունաբերություն, փոքր ու միջին ձեռնարկատիրություն, մասնավոր հատված, գյուղատնտեսություն, բնապահպանություն և ընդերքի օգտագործում, կրթություն, մշակույթ, սպորտ և երիտասարդության հարցեր, առողջապահություն և սոցիալական ապահովություն, քաղաքաշինություն (բնակարանաշինություն, ճանապարհաշինություն, տրանսպորտ), ենթակառուցվածքներ (ջրամատակարարում և ջրահեռացում, կոմունալ տնտեսություն, գազամատակարարում), տարածքային կառավարում, տեղական ինքնակառավարում և քաղաքացիական հասարակություն:
-Լոռու մարզի զարգացման քառամյա նոր ծրագրի կազմումը, որպես կարևորագույն միջոցառում ընդգրկված է նաև ՀՀ կառավարության 2013թ. գործունեության միջոցառումների ծրագրում,- ասաց նա:

Գլխավոր մասնագետի տեղեկացմամբ մարզի զարգացման ծրագիրն այն կարևորագույն փաստաթուղթն է, որը պետք է ներառի մարզի բոլոր գերակա կարիքներն ու ծրագրերը հաջորդ չորս տարիների համար և պետք է ներառի ֆինանսական պլաններ յուրաքանչյուր տարվա համար:
Զարգացման ծրագրի մշակման աշխատանքների համար կազմվել է ժամանակացույց, համաձայն որի, ոլորտային աշխատանքային խմբերը իրենց ոլոտների ծրագրային նախագծերը պետք է ներկայացնեն մարզային հանձնաժողովի քննարկմանը մինչև հունիսի վերջը: Օգոստոս ամսին, ծրագրի նախնական տարբերակը պետք է ներկայացվի ՀՀ տարածքային կառավարման նախարարությանը, շահագրգիռ բոլոր նախարարությունների համաձայնեցմանն ուղարկելու համար: Ծրագրի վերջնական տարբերակը ՀՀ կառավարության կողմից կհաստատվի դեկտեմբերին:
Որոշակի փոփոխություններ են կատարվել ՈԱԽ-ների կազմերում, արդեն տեղի են ունեցել առաջին նիստերը, կատարվել է աշխատանքի բաժանում: ՈԱԽ-ների նիստերը լուսաբանվում են, նիստերի արձանագրությունները տեղադրվում են մարզպետարանի կայքում:
Համայնքների զարգացման ծրագրերը մարզի զարգացման քառամյա ծրագրում ընդգրկելու և ֆինանսական աջակցման հնարավորություն ստանալու նպատակով առաջարկվեց մեկշաբաթյա ժամկետում մարզպետարան ներկայացնել նախորդ չորս տարիների ընթացքում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերը` անկախ ֆինանսավորման աղբյուրներից:


Մարզում գարնանացանի աշխատանքների ընթացքի, պետական աջակցությամբ համայնքներին տրամադրվող պարարտանյութի և դիզելային վառելիքի մասին զեկուցմամբ հանդես եկավ մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության գյուղատնտեսության բաժնի պետ Վազգեն Օհանյանը: Նա նշեց, որ 2012 թ. աշնանացանի համար «2010-2014թթ. ՀՀ հացահատիկային մշակաբույսերի սերմնաբուծության և սերմարտադրության զարգացման ծրագրի» շրջանակներում մարզին հատկացվել է 53,4 տոննա աշնանացան ցորենի էլիտային սերմացու, որը բաշխվել է 14 սերմարտադրող ֆերմերների: 293 տոննա աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացուն բաշխվել է 48 համայնքների: Ստացված սերմացուներով կատարվել է 1155 հա աշնանացան, իսկ ընդհանուր աշնանացանը կազմել է 8682 հա: 2013թ. գարնան գյուղատնտեսական աշխատանքները կազմակերպելու համար ՀՀ կառավարությունը պետական աջակցության ծրագրի շրջանակներում մարզին հատկացրել է նաև 2500 տոննա ազոտական պարարտանյութ, 1000 տոննա դիզելային վառելանյութ, 50 տոննա գարնանացան գարու, 5 տոննա առվույտի, 6,5 տոննա կորնգանի և 4 տոննա եգիպտացորենի սերմացու:
Սերմացուն(բացի եգիպտացորենից) արդեն ներկրվել է մարզ և բաշխվել: Պահանջարկ ներկայացրած համայնքներում եգիպտացորենի սերմացուի բաշխման աշխատանքներն ընթացքի մեջ են:
Շուտով կավարտվի կարտոֆիլի ցանքը, որը նախնական տվյալներով կգերազանցի 4000 հեկտարը:
Մկնանման կրծողների դեմ պայքարի միջոցառումները կազմակերպելու համար ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը մարզին հատկացրել է 868,44 կգ ցինկի ֆոսֆիդ, որից մարզ է ներկրվել 494 կգ, իսկ մնացածը՝ 374.44 կգ, կներկրվի օրերս:
Պարարտանյութի համար մարզի 64 համայնքներից հավաքագրվել և մատակարարի հաշվեհամարին է փոխանցվել 227 մլն 688 հազար դրամ (1897,4 տոննա պարարտանյութի համար): Ներկայումս մարզ է ներկրվել 1726,11 տոննա պարարտանյութ և բաշխվել համայնքներին:
Դիզելային վառելիքի համար մարզի 76 համայնքներից հավաքագրվել և մատակարարի հաշվեհամարին է փոխանցվել 27 մլն.612 հազար 600 դրամ(798 հազ. 688 լիտր դիզելային վառելիքի համար): Համայնքներ է տեղափոխվել 785.655 լիտր դիզվառելիք: Հայտարարությամբ հանդես եկավ հողաշինության և հողօգտագործման բաժնի պետ Արտակ Օհանյանը:
Ա. Նալբանդյանը նիստի ավարտին հանդես եկավ մի շարք նկատառումներով կապված հարկերի հավաքագրման գործընթացի, մարզպետարանի ներքին աուդիտի բաժնի կողմից համայնքներում կատարվող վարչական ստուգումների արդյունքների և համայնքներում տեղեկատվական համակարգերի տեղադրման աշխատանքների վերաբերյալ:
Նա անընդունելի համարեց մարզի մի շարք համայնքների անպատասխանատու աշխատանքը սեփական եկամուտների հավաքագրումը ոչ պատշաճ կերպով կատարելու առումով:
-Մարզում կան համայնքներ, որտեղ մուտքեր են գրանցվում ամսվա մեկ կամ երկու օրերի ընթաքում միայն, ինչն անընդունելի է: Տպավորություն է ստեղծվում, որ համայնքների ղեկավարներն աշխատում են միայն կենսաթոշակների և նպաստների բաշխման օրերին,-ասաց մարզպետը:
Նա հորդորեց հատկապես լուրջ ուշադրություն դարձնել համայնքային բյուջեների տնօրինմանը՝ խնդիրներից խուսափելու նպատակով:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:20:53