Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աջակցություն երիտասարդության ձեռնարկատիրության զարգացմանը

24.03.2013

ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպությունը (ՄԱԱԶԿ)՝ Ավստրիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ իրականացնում է «Աջակցություն Հայաստանի երիտասարդության ձեռնարկատիրության զարգացմանը» ծրագիրը: Ծրագրի իրականացման գործընկերն է Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնը (ՓՄՁ ԶԱԿ), որը ֆինանսական և ոչ ֆինանսական ծառայություններ է մատուցելու երիտասարդ ձեռներեցներին՝ ձեռնարկատիրությանը վերաբերող մասնագիտացված դասընթացների, խորհրդատվության և տեխնիկական օգնության միջոցով: Փորձնական փուլն անց կկացվի Լոռու և Շիրակի մարզերում: Ծրագրի հիմնական գործընկերն են ՀՀ էկոնոմիկայի, տարածքային կառավարման նախարարությունները, Լոռու և Շիրակի մարզպետարանները:
Մարտի 22-ին ծրագրի մանրամասները ներկայացնելու նպատակով Վանաձորում էին ՄԱԱԶԿ ներկայացուցիչներ Մոհամեդ-Լամին Դհաոուին և Անահիտ Սիմոնյանը: Լոռու մարզպետարանում նրանք հանդիպեցին մարզպետ Արթուր Նալբանդյանի և մարզի սկսնակ, երիտասարդ գործարարների հետ: Հանդիպմանը մասնակցում էին նաև փոխմարզպետ Տիգրան Բադոյանը, մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը, ՓՄՁ ԶԱԿ- ի Լոռու մարզային մասնաճյուղի ներկայացուցիչները:
ՄԱԱԶԿ ներկայացուցիչները նշեցին, որ ծրագրի ընդհանուր նպատակն է աջակցել երիտասարդների ղեկավարած ձեռնարկությունների ստեղծմանն ու ընդլայնմանը, դրանով իսկ նպաստելով տեղական մասնավոր հատվածի կայուն զարգացմանը և կրճատելով տարածաշրջանների միջև առկա սոցիալական անհավասարությունները:
-Հաշվի առնելով Հայաստանի հասարակական ոլորտի և աշխատաշուկայի սահմանափակ կարողությունները, տնտեսության ձեռնարկատիրական ոլորտում մարզերի երիտասարդներին ներգրավելու համար առկա խոչընդոտները, ծրագիրը հատկապես ուշադրություն է դարձնելու ՄԱԱԶԿ-ի և ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից Հայաստանի երիտասարդների ձեռնարկատիրական գործունեության շրջանառու ֆոնդ ստեղծելուն, ինչը պոտենցյալ երիտասարդ ձեռնարկատերերին կապահովի մատչելի վարկերով և հնարավորություն կտա իրենց գաղափարները վերածելու շահավետ բիզնեսի,- ասաց Մ. Դհաոուին:
Նա տեղեկացրեց, որ շրջանառու ֆոնդի համար ՄԱԱԶԿ-ն և ՓՄՁ ԶԱԿ-ը կկատարեն ներդրում՝ յուրաքանչյուրը 200-հազարական եվրո գումարի չափով: Հետագայում ՄԱԱԶԿ-ն կիրականացնի գործողություններ՝ միտված բիզնեսին աջակցող տեղական հաստատությունների կարողությունների հզորացմանը: Պարտադիր նախապայման է, որ ծրագրի շահառուներ լինեն 18-35 տարեկան երիտասարդ սկսնակ ձեռներեցները: Ակնկալվում է, որ շուրջ 300 պոտենցյալ և գործող երիտասարդ ձեռներեցներ կվերապատրաստվեն, երիտասարդների կողմից ղեկավարվող մոտ 80 գործող և սկսնակ բիզնեսմեներ կստանան ֆինանսական միջոցներ Հայաստանի երիտասարդների ձեռնարկատիրական շրջանառու ֆոնդից:
Այսպիսով՝ ծրագիրը կնպաստի կայուն տնտեսական աճի զարգացմանը՝ ձեռնարկատիրության և ինքնակառավարվող կայուն բիզնեսների զարգացմանն աջակցելու և երիտասարդ տղամարդկանց ու կանանց համար աշխատատեղեր ստեղծելու միջոցով: Այն հնարավորություն կտա երիտասարդության շրջանում ձևավորելու և կյանքի կոչելու նորարարական և ստեղծագործական բիզնեսի գաղափարներ: Ակնկալվում է, որ արտադրական և ձեռնարկատիրական գործունեությանը խթանելու արդյունքում կիրականացվեն կառուցվածքային փոփոխություններ, կնվազի արտագաղթը աշխատանք փնտրելու նպատակով:
Արթուր Նալբանդյանը ողջունեց ծրագրի իրականացումը Լոռու մարզում՝ կարևորելով գործարարության խթանումը երտասարդների շրջանում, ինչը կնպաստի նոր աշխատատեղերի ստեղծմանը, գործազրկության մակարդակի նվազեցմանը:
Մարզպետը հույս հայտնեց, որ երիտասարդները ակտիվություն կցուցաբերեն և հավաստեց, որ Լոռու մարզպետարանը պատրաստ է ամեն կերպ աջակցելու ծրագրի իրականացմանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36