Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու միտումով

21.03.2013

Մարտի 19-ին «Թուֆենկյան Հոսփիթալիթի» հյուրանոցում «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպության և Լոռու հակակոռուպցիոն կենտրոնի կողմից կազմակերպվել էր քննարկում «Բնապահպանական ոլորտի կոռուպցիոն ռիսկերը և պետական վերահսկողությունը Լոռու մարզում» թեմայով: Միջոցառումն իրականացվում էր ԱՄՆ ՄԶԳ ֆինանսական աջակցությամբ՝ «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի շրջանակներում և նպատակն է՝ վեր հանել ոլորտում առկա խնդիրները, կատարել բացահայտումներ: Հանդիպումներ են կազմակերպվում տարբեր մարզերում: Արդյունքում՝ բնապահպանության բնագավառում առկա կոռուպցիոն երևույթները կներկայացվեն ամբողջական տեսքով և շահագրգիռ կազմակերպությունները վստահ են, որ դրանք լուծում կստանան պատկան մարմինների աջակցությամբ:
Լոռու մարզում կազմակերպված քննարկմանը մասնակցում էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Լոռու մարզի դատախազ Կարեն Շահբազյանը, ԱՄՆ ՄԶԳ ներկայացուցիչներ, համայնքների ղեկավարներ, իրավապաշտպան, բնապահպանական կազմակերպությունների, շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ: Ծրագիրն իր խոսքում կարևորեց «Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոնի» համակարգող Արթուր Սուքիասյանը: Ըստ նրա, կոռուպցիան խիստ վտանգավոր երևույթ է պետական և բարոյական արժեքների պահպանության տեսանկյունից: Այն առավել վտանգավոր է բնապահպանական ոլորտում: Կազմակերպության համակարգողը առանձնահատուկ կարևորեց պետական և պատկան մարմինների մասնակցությունը նմանատիպ քննարկումներին՝ հույս հայտնելով որ դրանք կտան իրենց ցանկալի արդյունքը:
ՙՙ «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հկ նախագահ, «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը նշեց, որ ծրագիրն ունի 3 նպատակ՝ օժանդակել քաղաքացիների բողոքներին՝ ուղղված պետական, տեղական ինքնակառավարման մարմիններին, հանրային ծառայություն մատուցող կազմակերպություններին, օրեսդրության մեջ կոռուպցիոն ռիսկերի հատկորոշումը և դրանց ուղղված բարեփոխումների ներկայացումը պատկան մարմիններին, քաղաքացիների իրավագիտակցական մակարդակի բարձրացումը:
Կազմակերպությունը սերտորեն համագործակցում է թե պետական կառույցների և թե հասարակական կազմակերպությունների հետ: Հուշագրեր են ստորագրվել մարզային իշխանություննների, այդ թվում Լոռու մարզպետարանի և ՀՀ դատախազության հետ, որի շրջանակներում սերտորեն համագործակցում են տարածքային ստորաբաժանումների հետ: Կ. Զադոյանը նշեց, որ կարևորելով կոռուպցիոն ռիսկերի առկայությունը բնապահպանության ոլորտում, քննարկումներ են իրականացվում հանրապետության տարբեր մարզերում: Քննարկումները տվել են իրենց ցանկալի արդյունքը. կան հարուցված քրեական գործեր:
Լոռու մարզպետը ևս կարևորեց նմանատիպ հանդիպումները հատկապես Լոռու մարզում, որն ըստ էության լինելով արդյունաբերական մարզ, ներառում է բանապահպանական խնդիրներ: Կոռուպցիոն դրսևորումները ևս չեն բացառվում:
-«Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի» հետ շուրջ մեկ տարի առաջ հուշագիր ենք ստորագրել պարտավորվելով պայքարել այնպիսի արատավոր երևույթի դեմ, ինչպիսին կոռուպցիան է: Անցած մեկ տարվա ընթացքում որորշակի աշխատանքներ են տարվել և հուսով եմ, որ համագործակցությունը կշարունակվի,-ասաց Ա. Նալբանդյանը:
Արթուր Սուքիասյանը «Բնապահպանական խնդիրները դրանից բխող կոռուպցիոն ռիսկերը Լոռու մարզում. վնասակար ազդեցության հետևանքները բնակչության նկատմամբ» թեմայով իր ելույթը սկսեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական էջում օրեր առաջ զետեղված 2012թ. զեկույցով, որտեղ մարդու իրավունքների պաշտպանն անդրադարձել է նաև արծարծվող խնդրին: Զեկույցում անդրադարձ է կատարվել թե անտառահատումներին, թե աղբահանությանը, թե հէկ-երի ու հանքերի խախտումներով շահագործմանը: Բարձրացված խնդիրների մի մասն իհարկե առնչվում է Լոռու մարզին ու մասնավորապես Թեղուտում հանքերի ոչ ճիշտ շահագործմանը, որոնք մի շարք բնապահպանական խնդիրների են հանգեցնում: Անհանգստացնող է նաև կանաչ գոտիներում չարդարացված, ծառահատումներով իրականացվող կառուցապատումները:
Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոնի համակարգողի պնդմամբ խնդիրներ կան մարզի տարածքով հոսող գետերի աղտոտվածության, առհասարակ աղբահանության հետ կապված, հէկ- երի կառուցման ու դրանց ոչ ճիշտ շահագործման առումով: Այս ուղղություններով կոռուպցիոն դրսևորումները դարձյալ անխուսափելի են, համոզված է Ա. Սուքիասյանը:
- Բնապահպանական ոլորտում կոռուպցիոն ռիսկերի հետ կապված խնդիրները խիստ արդիական են, քանի որ բնապահպանության դեմ ուղղված հանցագործությունները առաջնայիններից են Լոռու մարզում,- ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ ասաց Լոռու մարզի դատախազԿարեն Շահբազյանը, նաև իր անհամաձայնությունն արտահայտելով բարձրացված խնդիրներից շատերի նկատմամբ: Նա նշեց, որ Լոռու մարզի դատախազությունը աշխատում է բացարձակ թափանցիկության սկզբունքով և արդեն մի քանի տարի հանրապետությունում զբաղեցնում է առաջին տեղը կոռուպցիոն դեպքերի բացահայտման, քննաված և ավարտված գործերի թվով:
ՀՀ բնապահպանական պետական տեսչության Լոռու տարածքային բաժնի պետ Արմեն Լաբլաջյանի համոզմամբ մարզի համար բնապահպանական խնդիրներ են առաջացնում նաև հանքարդյունաբերական ոլորտի խոշոր ձեռնարկությունները: Թեև քայլեր ձեռնարկվում են, սակայն իրավիճակը հեռու է բավարար լինելուց: Տեսչության պետը արծարծեց նաև մարզի տարածքում առկա պոչամբարների, մկնդեղի գերեզմանոցի ոչ ճիշտ շահագործման հարցը, որոնք մեծ վտանգ են ներկայացնում շրջապատի համար, ուստի չգործող պոչամբարների մի մասն անհրաժեշտ է ռեկուլտիվացնել: Վանաձորի «Օրհուս» կենտրոնի համակարգող Պերճ Բոջուկյանը ևս մատնանշեց մի շարք թերացումներ, որոնք առկա են ոլորտում:
Թեղուտ և Շնող համայնքների ղեկավարները համաձայնեցին, որ իրենց համայնքներում առկա են բնապահպանական լուրջ խնդիրներ, սակայն միևնույն ժամանակ լուծվում է աշխատատեղերի հարցը, ուստի կարևոր է, որ հանքարդյունաբերությունն իրականացվի հնարավորինս քիչ վնաս պատճառելով շրջակա միջավայրին:
Իր եզրափակիչ խոսքում մարզպետ Ա. Նալբանդյանը հույս հայտնեց, որ ժամանակի ընթացքում Լոռու մարզում անպայմանորոն կլուծվեն բոլոր բնապահպանական խնդիրները և կհամապատասխանեցվեն միջազգային չափորոշիչներին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:54:09