Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ներկայացվեց Լոռու մարզպետի տարեկան հաշվետվությունը

28.02.2013



Փետրվարի 27-ին Վանաձորի «Լոռի» ժամանցի կենտրոնում անցկացվեց Լոռու մարզխորհրդի այս տարվա առաջին նիստը, որին ներկա էր նաև ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Արտաշես Բախշյանը։ Նիստին մասնակցում էին մարզի համայնքների ղեկավարները, դպրոցների, առողջապահական հիմնարկների տնօրեններ, պետական տարբեր կառույցների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Օրակարգում ընդամենը մեկ հարց էր` Լոռու մարզպետի 2012 թ. կատարած աշխատանքների հաշվետվությունը: Մինչ հաշվետվությանը ներկայացնելը ցուցադրվեց նախորդ տարվա ընթացքում մարզում տարբեր բնագավառներում կատարված աշխատանքների մասին պատմող ՙՖորտունա՚ հեռուստաընկերության պատրաստած տեսաֆիլմը:
Մարզպետ Արթուր Նալբանդյանն իր ելույթում անդրադարձավ քաղաքաշինության, առողջապահության, կրթության, մշակույթի և սպորտի, գյուղատնտեսության, ճանապարհաշինության, արտաքին կապերի, սոցիալական ապահովության, արդյունաբերության, տարածքային կառավարման բնագավառներին, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման գործընթացին: - 2012 թ. ընթացքում մարզպետարանի գործունեության համար կարևոր նշանակություն են ունեցել ՀՀ Կառավարության գործունեության միջոցառումների ծրագրերի պահանջները: Հաշվետու տարում, Լոռու մարզպետարանի աշխատակազմի 2012 թ. աշխատանքային ծրագրի համաձայն, մարզի տարածքային կառավարման իրականացման հիմնական նպատակային դրույթներն են եղել` պետական և տեղական բյուջեների միջոցների հավաքագրմանն ուղղված միջոցառումների արդյունավետության բարձրացումը, պետական բյուջեի միջոցներով գյուղական բնակավայրերում բնակարանաշինության իրականացումը, կրթական բարեփոխումների ծրագրի իրականացումը և հանրակրթական դպրոցների գազիաֆիկացումը, ջեռուցման համակարգերի արդիականացումը, արտադրական հզորությունների վերագործարկումը և նորերի շահագործումը` առաջնահերթությունը տալով արդյունաբերության արտահանմանն ուղղված ճյուղերին, տեղեկատվական տեխնոլոգիաների լայն կիրառմանը, տրանսպորտային փոխադրումների կանոնակարգմանը և ընդլայնմանը, աջակցությունը կապի նոր ծառայությունների բացմանը և սպասարկման ոլորտի բարելավման խթանումը, մասնավոր գյուղացիական տնտեսություններին վարկերի հատկացմանն աջակցելը, բնական աղետների հետևանքների մեղմացմանն ուղղված միջոցառումների կազմակերպումը, առողջապահության բնագավառի աշխատանքների բարելավումը, կառավարության աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրերի իրագործմանն ուղղված աշխատանքները, «Քաղաքացիական և համայնքային ծառայությունների մասին» ՀՀ օրենքով նախատեսված միջոցառումների իրականացումը և այլն,- ասաց Ա. Նալբանդյանը:
Հարկերի հավաքագրման գործընթացի վերաբերյալ մարզպետն իր դժգոհությունն արտահայտեց որոշ համայնքների ցուցանիշներից: Ըստ նրա` մտահոգիչ են հատկապես հողի հարկերի հավաքագրման ցուցանիշները, որի արդյունքներով Լոռու մարզը հանրապետությունում զբաղեցնում է ամենավերջին տեղը:
Անդրադառնալով տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված աշխատանքներին` Ա. Նալբանդյանը նշեց, որ, ՀՀ տարածքային կառավարման նախարարության նախաձեռնությամբ, շահագործվել է ինովացիոն տեխնոլոգիաների հնարավորություններով օժտված էլեկտրոնային կառավարման նոր տեղեկատվական բաց համակարգ` բաղկացած ՀՀ տարածքային կառավարման նախարարության և 10 մարզերի ինտերնետային կայքէջերից, որոնք ազգաբնակչությանը թույլ են տալիս համացանցի միջոցով կապ հաստատել Լոռու մարզպետարանի հետ: Գործում է մարզպետարանի պաշտոնական կայքէջը, որտեղ, ի դեպ, ցանկացողները կարող են ծանոթանալ նաև 2012 թ. կատարված աշխատանքների հաշվետվությանը:
2012 թ. Լոռու մարզի ևս 20 գյուղական համայնքներում ներդրվել են համայնքային կառավարման տեղեկատվական համակարգեր: Մարզի բոլոր 8 քաղաքային և 30 գյուղական համայնքներում տեղադրված են նմանատիպ համակարգերի շահագործման համար անհրաժեշտ ծրագրերի փաթեթները: ՏՏ զարգացման ոլորտում, որպես հաջողված արդյունք, Ա. Նալբանդյանն առանձնացրեց ՙՁեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի՚ մասնագետների կողմից կազմված Վանաձորի տեխնոպարկի նախագիծը: Վերջինս նախատեսվում է կառուցել Հայաստանի ճարտարագիտական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի չօգտագործվող երկու մասնաշենքերի բազայի հիման վրա:
Մարզխորհրդի նիստի վերջում ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Արտաշես Արտաշես Բախշյանն իր ելույթում գնահատեց մարզում նախորդ տարվա ընթացքում կատարված աշխատանքները` համառոտ անդրադառնալով, թե’ ձեռբերումներին և թե’ թերացումներին: Նա մասնավորապես նշեց, որ Լոռու մարզի երկու համայնքներ` Շնողն ու Ճոճկանը, իրենց հարկերի հավաքագրման ցածր ցուցանիշներով դասվում են հանրապետությունում ցածր հավաքագրում ապահովող տասը համայնքների շարքին: Հողատարածքների աճուրդների ուղղությամբ մարզն զգալի առաջընթաց է գրանցել, մինչդեռ պետական սեփականություն հանդիսացող հողատարածքները վարձակալության տալու գործընթացը զգալիորեն կաղում է, 2012-ին վարձակալության է տրվել պետական սեփականության հողատարածքների ընդամենը մեկ տոկոսը: Նա նշեց նաև, որ նախորդ տարի մարզի հանրային և սննդի օբյեկտներում կատարված ստուգումների արդյունքում որոշակի խախտումներ են արձանագրվել միայն ուսումնասիրված օբյեկտներից տասը տոկոսում, ինչը զգալի առաջընթաց է 2011-ի համեմատությամբ:

(Լոռու մարզպետի 2012թ. հաշվետվությանն ամբողջությամբ կարող եք ծանոթանալ մարզպետարանի էլեկտրոնային կայքի «Մարզպետարան» բաժնի «Հաշվետվություններ» ենթաբաժնում)
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 12:11:17