Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հաստատվեցին 2013 թ. տարեկան միջոցառումները

27.02.2013


Փետրվարի 26-ին Լոռու մարզպետարանում անցկացվեց հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով մարզային հանձնաժողովի ընդլայնված նիստ, որը վարում էր Լոռու մարզպետ, հանձնաժողովի նախագահ Արթուր Նալբանդյանը: 2012 թ. մարզային հանձնաժողովի կողմից կատարված աշխատանքները ներկայացրեց հանձնաժողովի քարտուղար, մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության սոցիալական բաժնի պետ Վալերի Ջաղինյանը: Ներկայումս Լոռու մարզում բնակվում է 50 հազար 618 կենսաթոշակառու (մարզի բնակչության 18 տոկոսը), հաշմանդամություն ունեն 17 հազար 61-ը կամ կենսաթոշակ ստացողների շուրջ 33 տոկոսը, ծնողազուրկ են 2666 երեխա, որից 55-ը` երկկողմանի: Վ. Ջաղինյանը տեղեկացրեց, որ ծրագրային երեք տասնյակից ավելի միջոցառումներից առանձնանալի են հատկապես հաշմանդամության հարցերով մարզային հանձնաժողովի արտագնա նիստերը, որոնք վերջին տարիներին անցկացվում են տարածաշջանային տարբեր կենտրոններում: Դրանք լայնորեն լուսաբանվում են, ինչը նաև իրազեկման և քարոզչական նպատակ է հետապնդում: Վ. Ջաղինյանը ներկայացրեց մարզում հաշմանդամության հարցերով զբաղվող մի շարք կազմակերպությունների գործունեությունը` նրանց աշխատանքը համարելով անգնահատելի:
Ա. Նալբանդյանը նույնպես իր երախտագիտությունը հայտնեց այդ կազմակերպություններին` նշելով, որ նրանք իրենց ակտիվ գործունեությամբ զգալիորեն թեթևացնում են պետական կառույցների հոգսը:
Հասարակական կազմակերպությունների, հաշմանդամության հարցերով զբաղվող պետական կառույցների ներկայացուցիչները շնորհակալություն հայտնեցին Ա. Նալբանդյանին` ցանկացած հարցում աջակցություն ցուցաբերելու համար: Մասնավորապես` «Լիարժեք կյանք» հասարակական կազմակերպության նախագահ Սուրեն Մաղաքյանը նշեց, որ Լոռու մարզպետարանն այն եզակի կառույցներից է, որտեղ որևէ խնդիր չի ստեղծվում հատկապես հաշմանդամներին առնչվող հարցերի առումով: Ինչպես հայտնի է, վերջին տարիներին մարզի զբաղվածության կենտրոնների կողմից հաշմանդամություն ունեցող անձանց շրջանում իրականացվում են մի շարք ծրագրեր` հատկապես նրանց և գործատուների համագործակցության նպատակով, ինչն էլ տալիս է իր դրական արդյունքը:
ՀՀ զբաղվածության գործակալության Վանաձորի մարզային կենտրոնի տնօրեն Արա Առաքելյանի վստահեցմամբ` պետության կողմից առաջարկվող աշխատավարձի մասնակի փոխհատուցման տարբերակով արդեն մի շարք հաշմանդամ քաղաքացիներ ապահովվել են աշխատանքնով:
Հանձնաժողովի նիստին մասնակցում էին նաև գործատուներ, որոնց մի մասը վստահեցրեց, որ իրենց հիմնարկներում արդեն իսկ աշխատում են հաշմանդամություն ունեցող անձինք, և իրենք այսուհետ ևս պատրաստակամ են համագործակցել: Հաշմանդամություն ունեցող անձանց կարողությունների և հմտությունների զարգացմանն ուղղված «Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում զբաղվածության խթանման միջոցով» (LIFE) ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների ընթացքի մասին խոսեցին Ս. Մաղաքյանը և «Սեյվ դը չիլդրեն» միջազգային կազմակերպության ներկայացուցիչ Ջինա Սարկիզովան: Հանձնաժողովի անդամ կազմակերպությունների ներկայացուցիչներն անդրադարձան նախորդ տարվա ընթացքում իրենց կազմակերպությունների կողմից կատարված աշխատանքներին:
Վ. Ջաղինյանը ներկայացրեց հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության 2013 թ. Լոռու մարզային ծրագիրը: Մասնավորապես կիրականացվեն հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանն ուղղված միջոցառումներ՝մատչելի միջավայրի ապահովում, կրթության և մասնագիտական ուսուցում, զբաղվածության խթանում, սոցիալական սպասարկմանն ուղղված ծրագրեր: Հանձնաժողովի անդամները հաստատեցին հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության 2013 թ. տարեկան ծրագրով նախատեսված միջոցառումների ցանկը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:54:09