Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային այցով Լոռու մարզում էր ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը:

22.02.2013

Փետրվարի 22-ին աշխատանքային այցով Լոռու մարզում էր ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը: Նրան ուղեկցում էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը և Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը: Ա. Գևորգյանը նախ և առաջ այցելեց Վանաձորի Էդ. Կզարթմյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոց: Այստեղ այժմ գործում է միանգամից երեք մշակութային կրթօջախ` թիվ 1, 2 երաժշտական և պարարվեստի դպոցները: Շենքը շահագործման է հանձնվել դեռևս 2012-ի սեպտեմբերին և պարապմունքներն այստեղ ընթանում են բնականոն հունով: Մասնաշենքը հիմնանորոգվել է ՀՀ պետբյուջեի միջոցներով իրականացվող երկրորդ հրատապ ծրագրի շրջանակներում: Ծրագրի արժողությունը 410 մլն դրամ է եղել. 205 մլն-ը տրամադրվել է հրատապ ծրագրի միջոցներից, նույնքան էլ` համայնքային բյուջեից: Բացի այդ` դպրոցներն ունեին նաև գույքի խնդիր. այս հարցը ևս լուծում է ստացել: Չորրորդ հրատապ ծրագրի միջոցներից 27 մլն դրամ է տրամադրվել գույք ձեռք բերելու նպատակով: Նախարարը շրջեց մասնաշենքում, ծանոթացավ պայմաններին:
Այնուհետև Ա. Նալբանդյանի և Ս. Դարբինյանի հետ Ա. Գևորգյանը մասնակցեց «Կոշտ թափոնների համակողմանի կառավարում. Վանաձոր, Հայաստան» ծրագրի շրջանակներում կազմակերպված հերթական քննարկմանը, որն անցկացվում էր «Արգիշտի» հյուրանոցի խորհրդակցությունների սրահում:
Ինչպես հայտնի է, 2012-ին մեկնարկել է գերմանական KFW զարգացման բանկի աջակցությամբ` հայ-գերմանական ֆինանսական համագործակցության շրջանակներում, Վանաձորում և շրջակա համայնքներում իրականացվող «Կոշտ թափոնների կառավարում» ծրագիրը, որի պատվիրատուն Վանաձորի քաղաքապետարանն է, իսկ ծրագրի իրագործման վերահսկողությունը իրականացնում է ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը: Վարկային ծրագրի արժողությունը 430 հազար եվրո է: Վանաձորում աղբահանության գործընթացը բարելավելու համար դեռևս անելիքներ կան, որոնք լուրջ ֆինանսական միջոցներ են պահանջում, քանի որ, ինչպես նշում են շահագրգիռ կառույցների ներկայացուցիչները, աղբահանություն ասվածը միայն աղբի տեղափոխումը չէ մի վայրից մյուսը, այլ աղբավայրերի առանձնացումը, աղբարկղների տեղադրումը, ժամանակակից աղբատար մեքենաների առկայությունը, բնապահպանական խնդիրների լուծումը և այլն: Ուստի Վանաձորի քաղաքապետարանը շահագրգիռ է այս ծրագրի իրագործման հարցում: Այդ է պատճառը, որ Վանաձորի քաղաքապետարանը դիմել է բանկի օգնությանը: Ծրագրի տևողությունը ընդամենը 10 ամիս է: Այն կավարտվի այս տարվա ապրիլին, որից հետո կհստակեցվեն անելիքները: Արդյունքում քաղաքապետարանին կհանձնվի ծրագրային փաթեթ՝ ինչպես բարելավել աղբահանությունը քաղաքում և հարակից գյուղերում: Հավանաբար աղբի վարձավճարի բարձրացման խնդիր կառաջանա: Քննարկման մասնակիցներին ներկայացվեցին կատարված ընթացիկ ուսումնասիրությունների արդյունքները` ծրագրի ժամանակացույցը, վարկի տրամադրման տեխնիկատնտեսական հիմնավորումը, աղբահանության հետ կապված մի շարք հարցեր և այլն: Ծրագրի մեջ նախատեսվում է ընդգրկել ոչ միայն մարզկենտրոնը, այլև հարակից գյուղերը: Նպատակն այն է, որ Վանաձորը դառնա կոշտ թափոնների կառավարման համակարգման ազգային մոդել: Ներկայացվեց նաև, որ բարեփոխումների արդյունքում մարզկենտրոնում աղբահանության վարձավճարը կբարձրանա առնվազն կրկնակի, ինչը վիճարկելի հարց թվաց Արմեն Գևորգյանին: Վերջինս հետաքրքրվեց` պատրաստակա՞մ է արդյոք Վանաձորի քաղաքացին այդքան գումար վճարել աղբահանության համար: Ի պատասխան` Ս. Դարբինյանը վստահեցրեց, որ չնայած առկա ֆինանսական դժվարություններին, այս ոլորտում կատարվելիք բարեփոխումներն անխուսափելի են, քանի որ մարզկենտրոնի բնակիչները պահանջում են բարձրորակ աղբահանություն:
Փոխվարչապետը մի քանի նկատառումներ ևս ներկայացրեց.
- Նախ և առաջ ցանկանում եմ ընդգծել այն հանգամանքը, որ աղբահանության հիմնախնդիրներով հանրապետությունում զբաղվում է առնվազն մի քանի միջազգային գործընկեր կազմակերպություն, որոնցից են KFW բանկը Ասիական զարգացման բանկը, Եվրոպական կառույցներից ևս կան գործընկերներ, որոնք աջակցություն են ցուցաբերում: Ես ուզում եմ առաջարկել, որ այս աշխատանքները համադրվեին հատկապես Ասիական զարգացման բանկի հետ, քանի որ Վանաձորի օրինակը նախատեսվում է կիրառել որպես մոդել: Նախընտրելի է, որ այդ մոդելը մատչելի լինի հետագա ուսումնասիրությունների և աշխատանքների ընթացքում: Ու քանի որ ոլորտը զգալի ներդրումներ է պահանջում, և դրանք պետք է լինեն միանգամյա, ցանկալի է, որ առաջարկություններ ծնվեն, որոնք կշահագրգռեն նաև մասնավոր ոլորտին ներդրումներ կատարելու,- ասաց Արմեն Գևորգյանը:
Լրագրողների հետ զրույցում փոխվարչապետը նշեց, որ աղբահանությունը մի ոլորտ է, որը կարևորություն ունի ողջ հանրապետությունում և դասվում է համայնքներին առնչվող հիմնական խնդիրների շարքին: Այդ իմաստով այն ծրագիրը, որն իրականացվում է Վանաձորում, բավականին կարևոր է, քանի որ այն` որպես մոդել, կիրառելի կլինի նաև

մյուս համայնքների համար:
Օրվա երկրորդ կեսին Արմեն Գևորգյանը և Արթուր Նալբանդյանը եղան նաև Ախթալա համայնքում, որտեղ ծանոթացան համայնքային նորակառույց կենտրոնի շենքային պայմաններին կատարված աշխատանքների որակին: Շինաշխատանքներն իրականացրել է
« Տիտանյան եղբայրներ՚ ընկերությունը երրորդ հրատապ ծրագրի շրջանակներում: Ծրագրի արժողությունը 37 մլն 135 հազար դրամ է, որից 12,4 մլն-ը տրամադրվել է «Քաունթերփարթ ինթերնեյշնլ» կազմակերպության, 9 մլն 735 հազարը` Ախթալա համայնքի և 15 մլն-ը ` պետական միջոցներից:

Փոխվարչապետը եղավ նաև Ախթալայի առողջության կենտրոնի շինհրապարակում մասնակցեց հիմնարկեքի արարողությանը: Բուժհաստատությունը վերակառուցվում է  «Առողջապահական համակարգի արդիականացում» ծրագրի շրջանակներում: Այդ նպատակով ներդրվելու է շուրջ 45 մլն դրամ, որի 5 տոկոսը համաֆինանսավորում է համայնքը: Շինաշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել  այս տարվա ամռանը:

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 18:23:14