Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային այցով Լոռու մարզում էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը

16.02.2013

Փետրվարի 15-ին աշխատանքային այցով Լոռու մարզում էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նրան ուղեկցում էին ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, տարածքային կառավարման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը: Լոռու մարզում կառավարության ղեկավարին ուղեկցում էին մարզպետ Արթուր Նալբանդյանը, մարզի ուժային կառույցների, համայնքների ղեկավարներ:
Տ. Սարգսյանը կատարված վերանորոգման աշխատանքները դիտելու նպատակով վերոնշյալ անձանց և «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցի ուղեկցությամբ էլեկտրագնացքով ժամանեց «Թումանյան» կայարան` միաժամանակ ծանոթանալով նաև երկաթուղային ենթակառուցվածքների պայմաններին: Էլեկտրագնացքով վարչապետի հետ «Թումանյան» կայարան մեկնեցին նաև գրողներ, մտավորականներ, լրագրողներ, մշակույթի գործիչներ, ուսանողներ, աշակերտներ։ «Թումանյան» կայարանը վերանորոգվել է Լոռու մարզպետարանի և «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության միջև կնքված համաձայնագրի շրջանակներում: Այստեղ նորոգվել ու վերազինվել են անհրաժեշտ ենթակառուցվածքները, ստեղծվել են աշխատանքային լավ պայմաններ: Փետրվարի 16-ից Վանաձոր-Գյումրի ուղղությամբ գործում է էլեկտրագնացք:
Թումանյան կայարանում «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության և Լոռու մարզպետարանի նախաձեռնությամբ տեղադրվել էր նաև Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի կիսանդրին: Քանդակի հեղինակը վանաձորցի քանդակագործ Սարգիս Ղարիբյանն է: Բացի այդ` նախաձեռնող կողմերի մտահղացմամբ և ջանքերով այստեղ բացվել է նաև մեծանուն գրողին նվիրված հուշանկյուն, ուր տեղ են գտել Հովհ. Թումանյանի ընտանեկան լուսանկարներից, նրա ձեռագրերից, գրքեր և այլն: Այստեղ Ամենայն հայոց բանաստեղծի կերպավորմամբ հյուրերին ներկայացավ դերասան, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Մայիս Սարգսյանը: Միջոցառման հանդիսավարն էր ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սամվել Խալաթյանը: Կիսանդրու բացման հանդիսավոր արարողությունը կատարեցին Ա. Նալբանդյանը և Վ. Ռեբեցը: Օրհնության կարգ կատարեց Գուգարաց թեմի առաջնորդ, գերաշնորհ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը:
- Ուղիղ 115 տարի առաջ, հաղթահարելով 188 կիլոմետր հատվածը, առաջին գնացքը Թիֆլիսից հասավ Ալեքսանդրապոլ: Այդ օրը սկիզբ դրվեց ոչ միայն ռազմավարական մեծ նշանակություն ունեցող երկաթուղու գործունեությանը, այլև բազմիցս առիթներ ստեղծեց վերահաստատելու Ռուսաստանի և Հայաստանի պատմական բարեկամության և համագործակցության հազարավոր հանգրվաններ: Հայ և ռուս ժողովուրդների բարեկամությունը եղել է երկու ազգերի նվիրական զավակների ձեռքբերումներից մեկը,- իր ողջույնի խոսքում ասաց Ա. Նալբանդյանը:
Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև Վ. Ռեբեցը.
Լոռու մարզային գրադարանի փոխտնօրեն Ֆրոսյա Ջանջուղազյանը համառոտ ներկայացրեց Հովհ. Թումանյանի կյանքն ու ստեղծագործական ուղին: «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության և Լոռու մարզպետարանի նախաձեռնությամբ՝ մարզի դպրոցներում հայտարարվել էր նաև ստեղծագործական շարադրությունների մրցույթ` նվիրված Հովհ. Թումանյանին, և նույն օրը կայացավ նաև առաջին ու երկրորդ կարգի մրցանակների արժանացած աշակերտների պարգևատրումը:
Եղան նաև գեղարվեստական ելույթներ:
Այնուհետև բարձրաստիճան հյուրերը Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում դիտեցին Էջմիածնի համայնքային թատրոնի բեմադրած «Կիլիկիո արքա` Մուշեղ Իշխան» ներկայացումը, ապա ներկա գտնվեցին թատրոնում անցկացվող «Միջհամայնքային երկրորդ մշակութային փառատոնի» և մարզային «ԱրտԷքսպո» մրցույթի «Լավագույն թատերական խումբ» անվանակարգում անցկացված մրցույթի մրցանակաբաշխությանը: Այս անվանակարգում իրենց ներկայացումներով հաղթող ճանաչվեցին Կոտայքի մարզի Աբովյան համայնքի մշակույթի տան թատերախումբը, Արմավիրի մարզի «Ընծա» և Արարատի մարզի Վեդու երաժշտական դպրոցի թատերախմբերը: Ապա կառավարության ղեկավարի մասնակցությամբ Վանաձորի Բանակի 15 հասցեում բացվեց «Հորովել» երգի պարի համույթի հիմնադիր տնօրեն Լևոն Սարգսյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը:
Օրվա նշանակալի իրադարձություններից էր նաև «Միջհամայնքային մշակութային երկրորդ ցուցահանդեսի՚`«Արտէքսպոյի» և մարզային մշակութային մրցույթ-փառատոնի եզրափակիչ փուլի անցկացմամբ Վանաձորի թեթև աթլետիկայի և ձմեռային մարզաձևերի մարզադպրոցի դահլիճում, որին իրենց մասնակցությունը բերեցին նաև բարձրաստիճան հյուրերը: Այս տարի փառատոնին մասնակցում էին շուրջ 200 քաղաքային և գյուղական համայնքներ: Հյուրերը շրջեցին տաղավար առ տաղավար` ծանոթացան ներկայացված արժեքներին:
- Համայնքների մշակութային շունչն է թևածում ամենուր, և մենք տեսնում ենք, թե ինչքան երիտասարդներ են մասնակցում այս միջոցառմանը, ինչն ավելի է ոգևորում,- ասաց Տ. Սարգսյանը:
Հ. Պողոսյանը նկատեց, որ, նախորդ տարվա համեմատ, զգալի աշխուժություն և ակտիվություն է նկատում բոլոր մարզերի կողմից.
- Միջոցառումը պարզապես հրաշալի է կազմակերպված: Լոռու մարզը կարողացել է բոլորի համար համահավասար պայմաններ ապահովել,- ասաց մշակույթի նախարարը:
Ըստ նախնական տվյալների, «Լավագույն մշակութային քաղաքային համայնք» է ճանաչվել Վանաձորը, «Լավագույն գյուղական համայնք»՚` Մարգահովիտը, «Լավագույն գրադարան»՚` Ալավերդու Հր. Մաթևոսյանի անվան գրադարանը, «Կերպարվեստի ոլորտի լավագույն ստեղծագործող»՚` վանաձորցի գեղանկարչուհի Մարիամ Ամիրխանյանը, ալավերդցի քանդակագործ Ռաֆիկ Ջավախյանը, «Ոչ նյութական ժառանգության ոլորտ» անվանակարգում` Սպիտակ քաղաքից դարբնագործ Մարզպետ Դավթյանը, Վանաձորից փայտագործ Սուսաննա Օհանյանը, «Պատմամշակութային հուշարձանի վերականգնման լավագույն օրինակ»` Օձունի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին, «Լավագույն պարային խումբ»՚` Վանաձորի «Հորովել» երգի-պարի համույթը, «Լավագույն ժողովրդական երգի համույթ»` Աշուղ Ջիվանու դպրոցի Սպիտակ քաղաքի մասնաճյուղի համույթը, «Լավագույն ազգային նվագարանների անհատ կատարող»` վանաձորցի Վլադիմիր Կռոյան կրտսերը: Միջոցառումն ուղեկցվում էր ուրախ երգ ու պարով: Մրցույթ-փառատոնի մրցանակաբաշխությունն ու գալա-համերգը կկայանան մայրաքաղաքում: Մասնակիցները կպարգևատրվեն մի շարք անվանակարգերում:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:20:53