Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Անգնահատելի նվեր ծննդատներին

28.11.2012

Ստեփանավանի ծննդատանը լույս աշխարհ եկած նորածինների կյանքին այլևս վտանգ չի սպառնում: «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի` նորածնային մահացության կրճատմանն ուղղված ծրագիրը, ընդլայնելով իր աշխարհագրությունը, հասել է նաև Լոռու մարզ` Ստեփանավանի և Սպիտակի ծննդատներ:
Նոյեմբերի 27-ին «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, բրիտանական «ԲրիթԼինկ» հկ-ի տնօրեն Քեթի Մելորը, ինչպես նաև մի խումբ նեոնատոլոգներ, Լոռու փոխմարզպետ Արսեն Դարբինյանի, Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սամվել Լամբարյանի, Ստեփանավանի քաղաքապետի խորհրդական Ռոստոմ Քոչարյանի ուղեկցությամբ, եղան Ստեփանավանի բժշկական կենտրոնում: Նրանք նախ շրջայց կատարեցին հիվանդանոցում, ապա այցելեցին ծննդատուն, որը «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի կողմից համալրվել են նորածնային խնամքի արժեքավոր բուժսարքավորումներով, որոնք հնարավորություն կտան պահպանել նորածնի մարմնի ջերմաստիճանը և կայունացնել կամ ապահովել օրգանիզմի կենսագործունեությունն այնքան ժամանակ, մինչև երեխան կտեղափոխվի Երևանի համապատասխան բուժհաստատություն:
-Կյանքի համար պոտենցիալ վտանգ ներկայացնող խնդիրներով տառապող երեխաները, որոնք ծնվելուց անմիջապես հետո համապատասխան խնամք կստանան, հետագայում կարող են այլևս չենթարկվել միջամտությունների: Հենց այս սարքավորումներն են, որոնք երաշխավորում են նրանց առողջ ապագան,- ուրախությամբ նշում և «ՎիվաՍել-ՄՏՍ» և «ԲրիթԼինկ» ընկերություններին իրենց շնորհակալությունն են հայտնում ծննդատան աշխատակիցները, ովքեր արդեն հասցրել են անցնել համապատասխան վերապատրաստում:
«ՎիվաՍել»-ը արդեն 5 տարի շարունակ համագործակցում է «ԲրիթԼինկ» հկ-ի հետ` նպաստելով Հայաստանում մանկական մահացության մակարդակի նվազեցմանն ուղղված ծրագրերի իրականացմանը: Նշված ժամանակահատվածում Երևանի և մարզերի ավելի քան 30 բժշկական կենտրոններում տեղադրվել է մոտ 360 միլիոն դրամ ընդհանուր արժողության սարքավորումներ, որոնց դրական արդյունքները, մասնագետների հավաստմամբ, ակնհայտ են: Աշխարհում ամեն տարի կյանքի առաջին տարվա ընթացքում մահանում է ավելի քան 4 միլիոն մանուկ: Դեպքերի 98 տոկոսն արձանագրվում է զարգացող երկրներում: Մահացու ելքերի 65 տոկոսը գրանցվում է կյանքի առաջին ամսվա ընթացքում, որի երկու երրորդն` առաջին շաբաթվա, իսկ կեսից ավելին՝ առաջին 24 ժամվա ընթացքում:
- Յուրաքանչյուր մանկան կյանքը պարգև է, և «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը` որպես հոգատար ընկերություն, վճռական է օգնելու ծննդատներին` այսօրվա ամենամեծ մարտահրավերը` նորածնային մահացության մակարդակը հաղթահարելու հարցում,- ասաց գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը` նշելով, որ ծրագիրը կրում է շարունակական բնույթ և Հայաստանի բոլոր ծննդատներում, որտեղ լույս աշխարհ են գալիս հայ մանուկներ, պետք է լինեն նմանատիպ բուժսարքավորումներ:
Կարևորելով «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի` նորածնային մահացությանն ուղղված ծրագրի հիմնական նպատակն ու առաքելությունը` Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական վարչության պետ Սամվել Լամբարյանն ընդգծեց.
- Ուրախ ենք, որ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի նորածնային խնամքի նախագիծն ընդգրկել է նաև Լոռու մարզը, այն կկրճատի ոչ միայն նորածնային մահացության դեպքերը, այլև զգալիորեն կնվազեցնի բնակավայրերից Երևանի հիվանդանոցներ տեղափոխման անհրաժեշտությունը և դրա հետ կապված ծախսը` նպաստելով մարզերում բժշկական ծառայությունների որակի բարձրացմանն ու մատչելիությանը:
«Ստեփանավանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Ռոբերտ Կոծինյանը ևս իր երախտագիտությունը հայտնեց բարերարներին` Ստեփանավանի բժշկական կենտրոնը ծրագրում ընդգրկելու համար Բժշկական կենտրոնի տնօրենը հույս է հայտնում, որ առկա բոլոր խնդիրներն աստիճանաբար կլուծվեն, քանի որ ծրագիրը շարունակական է, և Ռալֆ Յիրիկյանը խոստացել է աջակցել նաև մյուս հարցերում: Ի դեպ, առաջիկայում կիրականացվի Ստեփանավանի բժշկական կենտրոնի աշխատակիցների վերապատրաստում` դարձյալ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի շնորհիվ:
Հյուրերը Ստեփանավանի բժշկական կենտրոնից մեկնեցին Սպիտակի ծննդատուն, որին ևս բոլորովին վերջերս տրամադրվել է նորածնային խնամքի համար անհրաժեշտ վերոնշյալ բժշկական սարքավորումներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 15:02:00