Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետի խորհրդակցությունում

29.10.2012

Հոկտեմբերի 29-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը:
Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Սևակ Հովհաննիսյանը ներկայացրեց սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշները: Ասվեց, որ հոկտեմբերի 26-ի դրությամբ հավաքագրված սեփական եկամուտների ցուցանիշը կազմում է նախորդ տարվա արդյունքի 74,5 տոկոսը, գույքահարկը` 84 տոկոսը, և հողի հարկը` 64 տոկոսը: Թեև զգալի տեղաշարժ է արձանագրվել հարկերի հավաքագրման առումով, սակայն անելիքները դեռևս շատ են:
- Իրավիճակը շտկելու համար շատ քիչ ժամանակ է մնացել,- ասաց Ա. Նալբանդյանը` հորդորելով ավելի ակտիվ աշխատանքներ տանել համայնքների հետ:
Ս. Հովհաննիսյանը վստահեցրեց, որ տարածքային կառավարման նախարարության որոշումը` հրատապ ծրագրեր չիրականացնել այն համայնքներում, որտեղ կատարողականը 90 տոկոսից պակաս է, տվել է իր արդյունքը. համայնքի ղեկավարներն սկսել են անհանգստանալ եկամուտների հավաքագրման համար: Մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Աշոտ Մանուկյանը մտահոգություն հայտնեց, որ համայնքների ղեկավարներնն աշխատում են բնակչության ընդամենը 30-40 տոկոսի հետ, ինչը նույնպես խոչընդոտում է հարկերի պատշաճ հավաքագրմանը: Մարզպետն իր հերթին մտահոգություն հայտնեց, որ այն 18 համայնքներում, որտեղ նախկին համայնքապետը չի վերընտրվել, սակայն պաշտոնավարման ժամկետը դեռևս ավարտված չէ, ընդհանրապես չեն զբաղվում բյուջեի գործընթացով: Պասսիվ են նաև աշխատակիցները, քանի որ վստահ չեն` աշխատելո՞ւ են ապագայում, թե՞ ոչ: Այս առումով Ա. Նալբանդյանը հանձնարարեց զգուշացնել համայնքների նորընտիր ղեկավարներին՝ անհիմն կերպով չհրաժարվել գիտակ կադրերից: Նա հորդորեց այդ համայնքներում ուշադրություն դարձնել նաև աճուրդի հայտարարություններին, աճուրդային գործընթացներին: Ինչպես նշվեց, երբեմն ավագանու որոշումների մասին մարզպետարանին կա՜մ ընդհանրապես տեղյակ չի պահվում, կա՜մ տեղյակ է պահվում շատ ուշացումով, ինչն էլ լուրջ խնդիրների է հանգեցնում: Այս հանգամանքը ևս խախտումների բացահայտ դրսևորում է, ինչը, Ա. Նալբանդյանի հանձնարարությամբ, պետք է ուշադրության արժանանա. անհրաժեշտ է ձեռնարկել կանխիչ միջոցառումներ:
Քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանը ներկայացրեց պետբյուջեից ֆինանսավորվող երրորդ հրատապ ծրագրի ընթացքը: Կատարողականը կազմում է 90 տոկոս: Ըստ Ա. Ջանազյանի՝ ընդամենը 6 խոշոր օբյեկտում են շարունակվում աշխատանքները, մնացածները կա՜մ ավարտված են, կա՜մ ավարտական փուլում են: Ինչ վերաբերում է չորրորդ հրատապ ծրագրին, ապա նախագծերն ուղարկվել են փորձաքննության: Ա. Նալբանդյանը հանձնարարեց այս փուլով նախատեսված ճանապարհաշինական աշխատանքները հնարավորինս շուտ սկսել, քանի դեռ եղանակային պայմանները նպաստավոր են: Նա հորդորեց խիստ հետևողական լինել քաղաքաշինական նորմերի պահպանման, նախագծային աշխատանքների նկատմամբ, որպեսզի հնարավոր լինի խուսափել դժբախտ միջադեպերից: Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գրիգոր Հակոբյանը ներկայացրեց դիզվառելիքի և առաջին վերարտադրության սերմացուի բաշխման գործընթացը:
Օրեր առաջ Ալավերդում բնակչության ընդունելության ժամանակ Ա. Նալբանդյանը հյուրընկալեց նաև դպրոցականների մի խմբի, ովքեր ՙՎորլդ Վիժն՚ կազմակերպության աջակցությամբ մոնիթորիգ են անցկացնում տարածաշջանի դպրոցներում` վերհանելով խնդրահարույց հարցերը: Աշակերտները մարզպետի ուշադրությունը հրավիրեցին այն փաստի վրա, որ դպրոցականները համաբուժարաններում կամ ամբուլատորիաներում պատշաճ կերպով չեն անցնում ամենամյա բուժզննություն: Ի պատասխան երեխաների բարձրացրած հարցի` մարզպետարանի կողմից կատարված ուսումնասիրությունները ևս փաստել են իրողությունը: Արդեն իսկ շրջաբերականներ են ուղարկվել համայնքներ, օրերս հարցի քննարկման նպատակով կհրավիրվի խորհրդակցություն:
- Անթույլատրելի են անտարբերությունն ու բացթողումները հատկապես այն հարցերի դեպքում, երբ խոսքը երեխաներին է վերաբերում,- ասաց մարզպետը: Երեխաներին առնչվող խնդիր են նաև կարգապահության կաննոների ակնառու խախտումները դպրոցներում, որոնք հաճախ հանգեցնում են անցանկալի հետևանքների. սա ևս պետք է լինի մարզպետարանի մշտական վերահսկողության ներքո: - Պետք է համագործակցության մեջ լինեն մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունը, կանանց, ընտանիքի և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինը և ոստիկանության անչափահասների գործերով բաժինը, այլապես դժբախտ դեպքերն անխուսափելի կլինեն: Մեր խնդիրը ոչ թե դեպքերի ետևից գնալը, այլ դրանց կանխումը պետք է լինի,- ասաց Ա. Նալբանդյանը: Նա հանձնարարեց նաև կատարել ձմռան նախապատրաստական աշխատանքներ, հետևել, թե ինչպես են դրանք իրականացվում դպրոցներում, բուժհիմնարկներում, նաև հետևել, որպեսզի անհրաժեշտ քանակությամբ աղ ու հողային խառնուրդ կուտակվի։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 14:24:21