Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ա. Գեւորգյանը շարունակում է մարզային այցերը

24.10.2012

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը շարունակում է խորհրդակցությունները մարզպետարաններում, որոնց ընթացքում քննարկվում են սեփական եկամուտների հավաքագրման, մարզում իրականացվող ծրագրերի ընթացքը, հրատապ այլ հարցեր:
Հոկտեմբերի 23-ին փոխվարչապետը խորհրդակցություններ անցկացրեց Տավուշի եւ Լոռու մարզպետարաններում: Ներկայացվեցին 2012թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ մարզերի համայնքներում բյուջեների կատարողականի ցուցանիշները: Անդրադարձ եղավ նաեւ 2013թ. համայնքների բյուջեների կազմման գործընթացին:
Փոխվարչապետը համայնքապետերին հորդորեց մինչեւ դեկտեմբերի 25-ն ավարտել բյուջեների նախագծերի կազմման աշխատանքները` հաշվի առնելով «2013 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծով սահմանված դոտացիաների ծավալը: Նա առաջարկեց առավել իրատեսական փաստաթղթեր կազմել` նկատելով, որ դրան նպաստում է նաեւ մինչեւ 2008թ. կուտակված ապառքների զրոյացման միջոցով բազաների «մաքրման» օրենսդրական լուծումը: Տարածքային կառավարման նախարարության եւ մարզպետարանների պատասխանատուներին հանձնարարվեց անհրաժեշտության դեպքում մեթոդական աջակցություն ցուցաբերել համայնքներին:
Խորհրդակցությունների ընթացքում քննարկվեցին նաեւ արդյունավետ վարչարարության հետ կապված հարցեր. այս համատեքստում համայնքապետերն անդրադարձան դատական համակարգի հետ հանդիպող բարդություններին: Նրանք փոխվարչապետին առաջարկեցին համապատասխան օրենսդրական փոփոխությունների միջոցով առավել դյուրացնել համայնք-դատարան շղթայում գործող մեխանիզմները: Փոխվարչապետը տեղեկացրեց, որ խնդիրը կառավարության ուշադրության կենտրոնում է, եւ այդ ուղղությամբ Արդարադատության նախարարության հետ աշխատանքներ են իրականացվում:
Տեղեկություններ ներկայացվեցին նաեւ մարզերի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրի, ինչպես նաեւ գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերի ընթացքի մասին:

ՏԿՆ Հասարակայնության հետ կապերի բաժին

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:20:53