Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզպետը եւ Գուգարաց թեմի առաջնորդը շնորհավորեցին տարեցներին

02.10.2012

Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ Լոռու մարզպետարանի նախաձեռնությամբ կազմակերպվել էր միջոցառումների մի ամբողջ շարք՝ վանաձորցի տարեցներին շնորհավորելու և նրանց վաստակը գնահատելու համար: Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սամվել Լամբարյանը, կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի բաժնի պետ Արամ Ռևազյանը, մարզպետարանի մի խումբ աշխատակիցներ եղան Վանաձորի «Հույսի տուն» տարեցների հանգստյան տանը և ծերատանը:
«Հույսի տունը» հիմնադրվել է 2006 թվականին: Տնօրեն Վերոնիկա Հունանյանը ամուսնու հետ միասին հաստատությունը հիմնել է ծնողների հիշատակի համար, որոնց երկար տարիներ խնամել է հիվանդ վիճակում: «ՙՀույսի տունը» գործում է նախկին թիվ 18 գիշերօթիկ դպրոցի տարածքում: Մասնաշենքն ամուսինները գնել ու վերանորոգել են ամբողջությամբ՝ համապատասխանեցնելով միջազգային չափանիշներին: Այստեղ ներկա պահին բնակվում է 64 տարեց, որոնցից 14-ը՝ անկողնային վիճակում: Հաստատությունը գործում է առանց պետական հովանավորության, ամուսինների ընտանեկան բիզնեսից կատարվող ներդրումների, երբեմն նաև նրանց անձնական կապերի շնորհիվ հայթայթվող միջոցներով:
Տարեցների համար մարզպետի նախաձեռնությամբ հյուրասիրություն էր կազմակերպվել: Նրանց օրհնության խոսք հղեց Գուգարաց թեմի առաջնորդը՝ տան բնակիչներին մաղթելով առողջություն և երկար տարիների կյանք: Տարեցներին շնորհավորեց նաև Արթուր Նալբանդյանը: Նա առանձնահատուկ կարևորեց տնօրինության անձնվեր աշխատանքը, նվիրումը տարեցների նկատմամբ:
- Իսկական բարեգործությունը դուք եք կատարում, քանզի անշահախնդիր օգնում եք անպաշտպան ու օգնության կարիք ունեցող ծերերին,- ասաց նա: Հյուրերը ծանոթացան նաև հաստատության շենքային պայմաններին: Տարեցներից ոմանք անակնկալներ էին պատրաստել. նրանք հանդես եկան գեղարվեստական կատարումներով, ասմունքով: Տան բնակիչներին իրենց կատարումներով ողջունեցին ՀՀ վաստակավոր արտիստ Ստեփան Դալլաքյանը, պատանի դուդուկահար Վահան Սոֆյանը, դերասան, ասմունքող Իվան Անտոնյանը:
Հյուրերը եղան նաև Վանաձորի ծերատանը, ուր ներկայումս բնակվում է 50 տարեց: Այստեղ ևս օրհնության խոսք հղեց տեր Սեպուհ աքրեպիսկոպոս Չուլջյանը: Հյուրասիրության սեղանների շուրջ տարեցներին շնորհավորեց Արթուր Նալբանդյանը՝ մաղթելով անհոգ ծերություն: Այստեղ ծերերին իրենց կատարումներով ողջունեցին Ստեփան Դալլաքյանը, Շահումյան համայնքի ՙՄայրասար՚ համույթը, Իվան Անտոնյանը, Վահան Սոֆյանը: Նույն օրը Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության բաժնի պետ Վալերի Ջաղինյանը Ա. Նալբանդյանի անունից դրամական պարգևներ հանձնեց 100-ամյակի շեմը հատած տարեցներ, վանաձորաբնակ Ազգանուշ Հովհաննիսյանին, Գոհար Գոգչյանին, Հասմիկ Մխիթարյանին և Լուսիկ Անդրեասյանին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:20:53