Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզպետարանը հերքում է

05.09.2012

Սեպտեմբերի 1-ին ՀՀ ոստիկանության www.police.am պաշտոնական կայքէջում հրապարակվել էր ս/թ օգոստոսի 30-ին Ախթալա քաղաքում տեղի ունեցած աղմկահարույց միջադեպի մասին հետևյալ հաղորդագրությունը.

«Օգոստոսի 30-ի երեկոյան ոստիկանության Թումանյանի բաժնում ահազանգ էր ստացվել, որ ոմն Բոդոլ հարձակվել է Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանի տան վրա:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել էր, որ Ախթալայի բնակիչ Արսեն Չիչյանը և Շնող գյուղի բնակիչ Էդգար Հախվերդյանը ժամը 18.30-ի սահմաններում հարձակվել են Կարեն Խաչիկյանին պատկանող Ախթալա քաղաքի Սպանդարյան փողոցի 52-րդ շենքի 10-րդ բնակարանի վրա, կոտրել մուտքի դուռը` ոչնչացնելով ու վնասելով տան գույքը, այնուհետև վնասել են նշված շենքի բակում կայանված, Կարեն Խաչիկյանի եղբոր՝ Հայկազ Խաչիկյանի «Մերսեդես Բենց» մակնիշի ծառայողական ավտոմեքենան, ինչի հետևանքով պատճառել են առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:
Փաստի առթիվ ՀՀ ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 185 հոդվածի 3-րդ մասի առաջին կետով հարուցվել էր քրեական գործ:
Նախաքննությամբ պարզվել էր նաև, որ Կարեն Խաչիկյանը գալով տուն, իմացել էր կատարվածի մասին և հորեղբոր որդու` Վաչագան Խաչիկյանի հետ գնացել էին Արսեն Չիչյանի` Ախթալա քաղաքի Աբովյան փողոցի 22 շենքի թիվ 2 բնակարանը, որտեղ դիտավորյալ վնասել և մասամբ ոչնչացրել էին նրանց տան գույքը, հարվածներ հասցրել տան անդամներին:
Օգոստոսի 31-ին որոշումներ էին կայացվել Էդգար Հախվերդյանին և Արսեն Չիչյանին ՀՀ քրեական օրենսգրքի 185 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրանց նկատմամբ հայտարարվել էր հետախուզում և միջնորդություն էր ներկայացվել դատարան՝ որպես խափանման միջոց կալանք կիրառելու մասին:
Խուզարկությամբ Էդգար Հախվերդյանի տնից հայտնաբերվել էր ինքնաշեն ատրճանակ, իսկ Արսեն Չիչյանի տնից՝ 3 փամփուշտ:

Օգոստոսի 31-ին Էդգար Հախվերդյանը կալանավորվել է, իսկ Կարեն Խաչիկյանը՝ ձերբակալվել:
Նախաքննությունը շարունակվում է»:


Ցավոք, որոշ լրատվամիջոցներ միտումնավոր, թե ակամա, խեղաթյուրելով իրական փաստերը, գրել են, իբր իրավապահ մարմինների կողմից ձերբակալվել է Ախթալայի գործող համայնքի ղեկավար, սեպտեմբերի 9-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Հայկազ Խաչիկյանը:
Լոռու մարզպետարանը պաշտոնապես հերքում է տեղ գտած ապատեղեկատվությունը, ընդգծելով, որ Հ. Խաչիկյանը անմիջական մասնակցություն չի ունեցել միջադեպին, իսկ նրա նկատմամբ քննչական մարմնի կողմից որևէ հետաքննական միջոցառում չի իրականացվել:
Ախթալա համայնքի ղեկավարի և ավագանու նախընտրական գործընթացին առնչվող ցանկացած ապատեղեկատվություն չի կարող բացասաբար անդրադառնալ ընտրությունների բնականոն ընթացքի վրա:


ՀՀ Լոռու մարզպետարան
05.09.2012թ.
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:54:09