Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ա. Նալբանդյան. «Հետեւողական ենք լինելու աշխատանքների որակի նկատմամբ»

16.08.2012

Օգոստոսի 16-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն աշխատանքային այցով եղավ Գուգարքի տարածաշրջանի Արջուտ և Սպիտակի տարածաշրջանի Մեծ Պարնի, Գեղասար, Սարահարթ, Արևաշող, Սարամեջ համայնքներում: Նրան ուղեկցում էին Լոռու փոխմարզպետ Վանիկ Ասատրյանը, մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանը, ՏԻՄ և ՀԳՄ վարչության աշխատակիցներ: Պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում Ա. Նալբանդյանն աշխատանքային այցով եղել է մարզի գրեթե բոլոր համայնքներում՝ բացառությամբ մի քանիսի, և Արջուտն այդ եզակի համայնքներից էր: Մարզպետը Արջուտի համայնքապետարանում զրույց ունեցավ գյուղապետ Վարդան Մկրտչյանի և համայնքի բնակիչների հետ՝ առկա խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով: Ինչպես նշեց Ա. Նալբանդյանը, Արջուտն այն համայնքներից է, որտեղ եկամուտների հավաքագրումը պատշաճ մակարդակով է կատարվում, իսկ հողի հարկի հավաքագրման ցուցանիշը գրեթե 100 տոկոս է, ինչն ընդօրինակելի պետք է լինի նաև մյուս համայնքների համար: Գյուղապետի ջանքերի շնորհիվ այստեղ մի շարք ծրագրեր են կյանքի կոչվել Լեհաստանի արտգործնախարարության աջակցությամբ. 2010-ին վերականգնվել է գյուղի ջրամատակարարումը և այլն: Մինչդեռ, ինչպես նշեց Վ. Մկրտչյանը, վերջին 10-15 տարիների ընթացքում պետբյուջեի ֆինանսավորմամբ որևէ ծրագիր համայնքում չի իրականացվել: - Այդ դեպքում առաջին ծրագիրը կիրականացվի իմ աջակցությամբ,- խոստացավ մարզպետը: Նա նշեց, որ որպես մարզպետ աշխատելու ընթացքում, լինելով մարզի համայնքներում, փորձում է խնդիրներին ծանոթանալ տեղում, զրուցել բնակիչների հետ: Վերջիններս բարձաձայնեցին մի շարք խնդիրների մասին, որոնցից առավել առաջնայինը համարեցին դպրոցի ջեռուցման հարցը, որը ներկայումս կատարվում է էլեկտրաէներգիայով: Դպրոցը հազիվ է տաքանում: Կարևորվեց դպրոցի պատուհանները փոխելու խնդիրը, որի արդյունքում ձմռան ամիսներին մասնաշենքում ավելի տաք կլինի: Համայնքը նաև սպորտդահլիճի կարիք ունի, գազաֆիկացված չէ ՙՙ «Արջուտ կայարան» կոչված թաղամասը: Մարզպետը բարձրացված հարցերի վերաբերյալ հանդես եկավ մի շարք պարզաբանումներով: Նա նախևառաջ փորձեց տեղեկանալ՝ դպրոցն ունի՞ արդյոք ֆինանսական հնարավորութուններ՝ գազով ջեռուցելու դեպքում հոգալու ջեռուցման ծախսերը: Տնօրենից տեղեկանալով, որ միջոցները չեն բավարարում, նպատակահարմար գտավ, որպեսզի փոխվեն դպրոցի պատուհանները: Այս պարագայում էլեկտրաէներգիայով ջեռուցումը կտա իր արդյունքը: - Չորրորդ հրատապ ծրագրերի հաստատման դեպքում կփորձենք լուծել համայնքի համար առաջնային նշանակության՝ դպրոցի պատուհանները փոխելու կամ Արջուտ կայարանի գազիֆիկացման հարցը, ֆինանսները բավարարելու դեպքում՝ միգուցե երկուսը միասին: Ինչ վերաբերում է մարզադահլիճի կառուցմանը, ապա առայժմ խոստանալ չենք կարող, քանի որ մարզի համայնքներում դեռևս գործում են դպրոցներ, որոնք անհապաղ վերանորոգման կարիք ունեն, այժմ առաջնայինը այդ խնդրի լուծումն է,- ասաց մարզպետը: Ինչպես վստահեցրեց Արմեն Ջանազյանը, առաջիկայում մասնագետներ կայցելեն համայնք՝ նախահաշվային աշխատանքներ կատարելու նպատակով:
Մեծ Պարնի համայնքում գյուղապետ Հրայր Յաղուբյանի ուղեկցությամբ մարզպետը ծանոթացավ համայնքային կենտրոնի կառուցման աշխատանքներին: Կենտրոնը կառուցվում է երրորդ հրատապ ծրագրերի շրջանակներում: Ծրագրի արժողությունը 40 մլն դրամ է: Շինաշխատանքներն իրականացնում է «Ռ. Հովհաննիսյան» ԱՁ-ն: Ներկայումս կատարվում են հիմնային աշխատանքներ: Շենքը նախատեսվում է շահագործման հանձնել մինչև դեկտեմբեր, սակայն, շինարարի խոստման համաձայն, աշխատանքներն ավելի վաղ կավարտվեն: Մարզպետը հորդորեց խիստ հետևողական լինել որակի նկատմամբ:
Գեղասարում համայնքային կենտրոնը կառուցվել է երկրորդ հրատապ ծրագրերի շրջանակներում՝ 35 մլն դրամ արժողությամբ: Այն միայն օրերս է շահագործման հանձնվել: Շինարարը ՙՙՙ «Մ. Սիսակյան » ՍՊԸ-ն է: Տնօրեն Միհրան Սիսակյանի և համայնքի ղեկավար Ստասիկ Հովհաննիսյանի ուղեկցությամբ Ա. Նալբանդյանը շրջեց համայնքային կենտրոնում: Նա գոհունակություն հայտնեց կատարված աշխատանքներից: Երրորդ հրատապ ծրագրով այստեղ կապիտալ վերանորոգվում է նաև առողջության առաջնային պահպանման կենտրոնը՝ 3,5 մլն դրամ արժողությամբ: Շինաշխատանքները դարձյալ իրականացնում է «Մ. Սիսակյան» ՍՊԸ-ն:
Սարահարթ համայնքում ևս կառուցվում է համայնքային կենտրոն երրորդ հրատապ ծրագրի շրջանակներում՝ 35 մլն դրամ արժողությամբ (շինարար՝ «Մ. Սիսակյան » ՍՊԸ): Ներկայումս կատարվում են հիմնային աշխատանքներ: Շինարարները խոստացան, որ աշխատանքը կկատարեն որակով և կավարտեն սահմանված ժամկետում:
Արևաշող համայնքում երկրորդ հրատապ ծրագրով կառուցվել է ջրամատակարարման համակարգ՝ 70 մլն դրամ արժողությամբ(շինարար՝ «Մ. Սիսակյան» ՍՊԸ): Երրորդ հրատապ ծրագրով համայնքում կառուցվում է մարզահրապարակ և ֆուտբոլի դաշտ՝ 20 մլն դրամ արժողությամբ: Շինաշխատանքներն իրականացնում է «Տիգրան-Աշիկ» ՍՊԸ-ն:
Սարամեջ համայնքում, ուր մարզպետը եղավ աշխատանքային այցի ավարտին, կառուցվում է դարձյալ համայնքային կենտրոն՝ երրորդ հրատապ ծրագրով՝ 35 մլն դրամ արժողությամբ(շինարար՝ «Մ. Սիսակյան» ՍՊԸ): Մարզպետն ընդհանուր առմամբ գոհունակություն հայտնեց շինարարական աշխատանքների որակից՝ նշելով, որ նմանատիպ այցերը պարբերական խիստ հետևողական բնույթ են կրելու:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 12:11:17