Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Լոռու մարզ էր այցելել ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը
25.10.2011

Հոկտեմբերի 22-ին Լոռու մարզ էր այցելել ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, ում առաջին կանգառը Սպիտակի տարածաշրջանի Մեծ Պարնի համայնքն էր, որտեղ նախարարը ծանոթացավ կարտոֆիլի բերքահավաքի ընթացքին: Լոռու մարզպետի տեղակալ Արսեն Դարբինյանի և Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գրիգոր Հակոբյանի ներկայությամբ նախարարը հետաքրքրվեց կարտոֆիլի բերքատվության որակից, գյուղացու առաջնային խնդիրներից: Բնակիչները թեև այս տարի դժգոհ չեն կարտոֆիլի բերքատվությունից, սակայն հիմա էլ խնդիր է առաջանում մթերման հարցում: Զրուցելով գյուղացիների հետ՝ նախարարը վստահեցրել է, որ մթերման հետ կապված խնդիրներ չեն ունենա՝ նշելով, որ մթերման ողջ գործընթացը սեզոնի սկզբից մինչև վերջ, իր վերահսկողության ներքո է։ Նախարարի հետ զրույցի ժամանակ գյուղացիները գոհունակությամբ անդրադարձել են նաև հացահատիկի բերքի ծավալներին, ցանկություն հայտնելով հաջորդ տարի ևս, կառավարություն կողմից սահմանված կարգով, ստանալ ցորենի և գարու սերմացու։ Նախարարը նշել է, որ ծրագիրը շարունակվելու է մինչև 2014 թվականը, և հնարավոր է, որ ներկրվող սերմացուի ծավալները ընդլայնվեն։
Գյուղնախարարի հետ հանդիպման ժամանակ գյուղացիները նաև իրենց մտահոգությունն արտահայտեցին տրամադրվող վարկերի բարձր տոկոսադրույքի, վառելիքի և պարարտանյութերի թանկություններից: Մեծ պարնեցիների խոսքով թեև իրենք տեխնիկա ունեն, սակայն դրանք արդեն բարոյական մաշվածության են: Նախարարը հավաստիացրեց, որ այս և նման կարգի հիմնահարցերը կառավարության ուշադրության կենտրոնում են:
Պատվիրակության հաջորդ կանգառը Տաշիրի տարածաշրջանն էր: Նախարարին հետաքրքրում էր հատկապես անասնապահության ոլորտում առկա վիճակը: Դեռ վաղեմի ժամանակներից անասնապահության զարգացման լավ հեռանկարներ ունեցող տարածաշրջանը անհրաժեշտ ուշադրության դեպքում հիմա էլ կարող է առաջատար դիրքերում լինել: Պատվիրակությունն այցելեց բավականին հաջողությամբ գործող «Դուստր Մելանյա» պանրագործարան: 1995թ. հիմնադրված ձեռնարկությունը 10 անուն բարձրակարգ պանրատեսակներ է թողարկում, որոնք մեծ պահանջարկ ու սպառում ունեն ոչ միայն Հայաստանում այլև արտասահմանյան գնորդների մոտ:
Օրվա ընթացքում նախարար Սերգո Կարապետյանը ուղեկիցների հետ այցելեց հինգ անասնապահական ֆերմաներ, ծանոթացավ կաթի որակին, մթերման խնդիրներին, լսեց գյուղացիներին հուզող խնդիրները` խոստանալով առաջիկայում դրանց լուծում տալ:Ֆերմերները գոհունակություն հայտնեցին կաթի մթերման գնի բարձրացման վերաբերյալ (ներկայումս 1 լիտր կաթի մթերման գինը տատանվում է 160-170 դրամի սահմաններում), նշելով, որ դրանով անասնապահությունը դառնում է շահութաբեր։ Նրանք նախարարին խնդրել են աջակցել արտերկրից ներկրվող տոհմային երինջների դիմաց տարաժամկետ վճարման և կովերի արհեստական սերմնավորման ծավալների ընդլայնման հարցերում։