Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան թատրոնը տոնեց իր 80-ամյա հոբելյանը

10.10.2011

Սոկրատ Աքմաքչյան, Արուս Խուդանյան, Աղավնի Հովհաննիսյան, Աշոտ Գևորգյան, Ալեքսանդր Շագաֆյան, Լենա Փաշինյան, Լևոն Սարգսյան, Սուրեն Հովհաննիսյան և բեմի շատ այլ երախտավորներին ուղղված երախտիքի տուրք ու խոնարհում, Վանաձորի աբելյանական բեմի ապագան ուղենշող փառավոր ուղերձ էր դրամատիկական թատրոնի 80-ամյակին նվիրված հոբելյանական երեկոն, որը տեղի ունեցավ հոկտեմբերի 9-ին։
Մարզկենտրոնի մայր թատրոնը միանգամից այդքան հյուրեր երբևէ չէր ընդունել: Շնորհավորելու ու ջերմ խոսքեր հնչեցնելու համար մայրաքաղաքից, Գյումրիից, Վրաստանից, Արցախից, Ռուսաստանի Դաշնությունից, Գերմանիայից ժամանել էին բազմաթիվ հյուրեր։ Աբելյանցիների տոնը շնորհավորելու էին եկել ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանը, ԱԺ պատգամավոր, Հովհաննես Սահակյանը, հայ բեմի նահապետ, ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը, մշակույթի ու արվեստի վաստակավոր գործիչներ, սիրված դերասաններ։ Տոնական միջոցառումն ուղղորդում ու առաջնորդում էր թատրոնի գեղարվեստական ղեկավարը՝ ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանը: Այս տարիների ընթացքում Կիրովական-Վանաձորի մայր թատրոնի բեմում բազմաթիվ ներկայացումներ են հանձնվել հանդիսատեսի դատին, բազում հայտնի արտիստներ են իրենց տաղանդը ցուցադրել այս բեմից։ Այսօր թատրոնի խաղացանկը դարձյալ հագեցած է:
Բեմի երախտավորների հանդեպ ունեցած երախտիքի տուրքով ու Սեպուհ սրբազանի օրհնությամբ մեկնարկեց հոբելյանական երեկոն։
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը ի պաշտոնե առաջին անգամ էր աբելյանական բեմում։
-Առաջին, բայց շատ կարևոր առիթով,- ասաց մարզպետը շնորհավորելով հոբելյանական տարելիցի կապակցությամբ։ Ա.Նալբանդյանը իր խոսքում կարևորեց թատրոնի դերը մարզի մշակութային կյանքում։ Նա կոլեկտիվին պարգևատրեց ,,Ոսկե հուշամեդալով,,, շնորհակալագրերով՝ Վրաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Ժիրայր Կարապետյանին, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Մայիս Ռաֆայելյանին, մշակույթի վաստակավոր գործիչ Սամվել Խալաթյանին, վաստակավոր արտիստուհի Գրետա Մեջլումյանին, վաստակավոր արտիստ Ռազմիկ Խոսրոևին, դերասան Շահեն Հարությունյանին և բեմի մեքենավար Վազգեն Քալաշյանին։
Շնորհավորանքի խոսք ասաց և Ազգային ժողովի պատվոգրեր հանձնեց պատգամավոր Հ.Սահակյանը։
Պատվոգրեր շնորհվեցին դերասանուհիներ Էլինե Աղամյանին, Արմինե Վերմիշյանին, թատրոնի տնօրեն Հովիկ Չախմախչյանին, դերասաններ Սեդրակ Զարգարյանին, Գագիկ Դուրմիշյանին։
ԱԺ պատվո մեդալով պարգևատրվեց Վահե Շահվերդյանը։
-Այսօր հիշեցի այն անցած տարիները, այն դժվարին օրերը, ճգնաժամային պահերը, որ ունեցել է այս թատրոնը։ Մտնելով քաղաք՝ հիացա. գեղեցիկ է Վանաձորը, շեն է, գեղեցիկ է թատրոնը։ Այսօր հպարտացա այն բոլոր անուններով, որոնք ներկայացված էին նախասրահում և համոզված եմ՝ գեղարվեստական ղեկավարի գլխավորությամբ թատրոնի անցնելիք տարիներն էլ ավելի բեղմնավոր կլինեն,- իր ողջույնի խոսքում ասաց Հասմիկ Պողոսյանը։
ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալներ շնորհվեցին ժողովրդական արտիստուհի Ռոզա Մխիթարյանին, ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանին, Արամ Մխիթարյանին, պարտվոգրեր՝ աշխատակցուհի Անահիտ Այվազյանին, դերասաններ Թեմուր Աճինյանին, Շահեն Ոսկանյանին, Ղազար Նազարյանին, Սոֆյա Մուրադյանին, վարսահարդար Ռուդիկ Գևորգյանին։
ՀՀ թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը ևս ձեռնունայն չէր եկել։ Նա հանձնեց միության պարգևները:
Հոբելյանական տարելիցի առթիվ թատրոնի կոլեկտիվին Վանաձորի քաղաքապետի անունից շնորհավորեց և պատվոգրեր հանձնեց քաղաքապետարանի կրթության և մշակույթի բաժնի պետ Գագիկ Աղաբաբյանը։ Իսկ ՎՊՄԻ-ի ռեկտոր, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գուրգեն Խաչատրյանը բուհի պատվոգրերով պարգևատրեց ՎՊՄԻ-ի բարեկամների ակումբի անդամ, դերասան Շահեն Ոսկանյանին, շրջանավարտներ Էլֆիք Զոհրաբյանին, Սամվել Խալաթյանին, ՙ,,Հովհ.Թումանյանի դիմապատկերի ընտրանիով՚,,, հայոց լեզվի ամբիոնի դոցենտ, ՎՊՄԻ-ի պատվավոր պրոֆեսոր, ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանին, ,,Ոսկե հուշամեդալով,,՝ դերասանուհի Ալլա Հովհաննիսյանին։ ,,Լոռվա ձոր,, հայրենակցական միության շնորհավորական ուղերձը հաղորդեց Սամվել Խալաթյանը:
Ազդեցիկ էր հատկապես Սոս Սարգսյանի խոսքը.
-Թատրոնն իր մեջ ինչ-որ գաղտնիք ունի, այն Աստվածային է՝ հուշած վերևներից։ Այս բեմում ու այս դահլիճում ես ինձ շատ ազատ ու հանգիստ եմ զգում։ Լա՜վ հիշեք, գավառից են գալիս մեծամեծները, գավառն է ծնում հանճարներ,- ասաց նա՝ հանձնելով հուշանվեր ,,Համազգային թատրոնի,, կողմից։ Աբելյանցիներին շնորհավորելու էին եկել նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Վ.Փափազյանի անվան թատրոնի ներկայացուցիչները։ Նրանք հիշատակեցին, որ հրադադարից հետո առաջինը Վանաձորի թատրոնն էր, որ ներկայացմամբ հանդես եկավ Արցախում։
Ողջերթի խոսքեր հղեցին նաև Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Նիկոլայ Ծատուրյանը, Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանը։
Հոբելյանական տոնակատարությունը հագեցված է հետաքրքիր բեմադրական ցուցադրումներով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 14:59:38