Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Շնորհավո՜ր տոնդ, Վանաձոր

02.10.2011

 ,,Վանաձորի օր,, տոնակատարությանը նվիրված միջոցառումները մեկնարկել էին դեռևս մի քանի օր առաջ՝ տարբեր մշակութային կենտրոններում ու կրթական հաստատություններում, իսկ գլխավոր միջոցառումն անցկացվեց հոկտեմբերի 1-ին՝ համախմբելով մարզկենտրոնի գրեթե բոլոր կոլեկտիվներին՝ դպրոցներ, մանկապարտեզներ, մարզական ու մշակութային կենտրոններ, հասարակական կազմակերպություններ: Վաղ առավոտից տոնական տրամադրության մեջ էր Հայքի հրապարակը: Հնչում էր տոնական երաժշտություն, հրապարակում շրջում էին հեքիաթների հերոսների կերպարներ մարմնավորող՝ գունազարդ հագուստով հանդերձավորված երիտասարդ դերասանները, ովքեր հեքիաթներ էին պատմում փոքրիկներին, երգում ու արտասանում նրանց հետ:
Հրապարակում կազմակերպվել էր նաև ,,ՙԽաչվող ուղիներ,,, ,,Օրրան,,, ,,Զանգակատուն,, հասարակական կազմակերպություններում գործող ուսուցողական խմբակների սաների ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառք, որից գոյացած հասույթը կօգտագործվի քաղաքի կարիքների համար: Վաղ առավոտից տոնական միջոցառումներ էին մեկնարկել նաև Դիմաց թաղամասի Երիտասարդական պուրակում, թիվ 1, 3 մշակույթի տների հարակից տարածքներում, ուր կավճանկարչական աշխատանքներ, երգեր, պարեր ու ասմունք էին ներկայացնում քաղաքի մշակութային օջախները: Մարզկենտրոնի բոլոր մարզական հաստատություններում ևս մեծ ոգևորություն էր տիրում: Երիտասարդական այգում, մարզատեխնիկական հասարակական կազմակերպության կողմից անց էին կացվում մարզական մրցաշարեր: Հրանտ Մաթևոսյանի անվան զբոսայգում՝ արձակագրի արձանի մոտ, անցկացվեց միջոցառում մարզկենտրոնի գրողների և մտավորականների մասնակցությամբ:
Հանդիսություն էր կազմակերպվել նաև ի պատիվ վանաձորցի անվանի դուդուկահար, մշակույթի երախտավոր, Արտավազդ Տեր-Հովհաննիսյանի կանգնեցված Դուդուկի արձանի մոտ:
,,ՙՎանաձորի օր,, տոնակատարությանը մասնակցելու համար բազմաթիվ հյուրեր, համայնքապետեր ու պաշտոնատար անձինք էին ժամանել հանրապետության տարբեր մարզերից ու քաղաքներից: Վանաձորում էին ,,ՙՎիվաՍել ՄՏՍ,,-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, Հայաստանում Բուլղարիայի արտակարգ և լիազոր դեսպան Գեորգի Կարաստամատովը, Փասադենա-Վանաձոր քույր քաղաքների համանախագահ Մասյա Մանթեզը, պատվիրակության կազմում էին ևս 8 հյուրեր՝ Փասադենայից: Նրանց համար ընդունելություն էր կազմակերպվել Վանաձորի քաղաքապետարանում: Հյուրերն այցելեցին նաև թիվ 2 նախադպրոցական հաստատություն, ուր այս տարվա մայիսից հիմնանորոգման աշխատանքներ են իրականացվում ,,Փրկեցե՜ք երեխաներին,, կազմակերպության ֆինանսական աջակցությամբ:Հյուրերն իրենց գոհունակությունը հայտնեցին կատարված աշխատանքների վերաբերյալ:
Օրվա գլխավոր միջոցառումը մեկնարկեց ժամը 17-ին՝ Հայքի հրապարակում: Այստեղ հավաքված հազարավոր վանաձորցիներին ու հյուրերին շնորհավորանքի խոսք հղեց քաղաքապետ Սամվել Դարբինյանը, ում անմիջական նախաձեռնությամբ էլ արդեն 11-րդ անգամ նշվում է քաղաքի տոնը:
Շնորհավորանքի խոսք ասաց նաև Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը:
-Վանաձորը հանրապետությունում երրորդ քաղաքն է իր մեծությամբ ու բնակչության թվաքանակով և մենք հպարտանում ենք քաղաքի վերջին տարիների հաջողություններով ու գիտակցում, որ այդ հաջողությունների գրավականը միասնականությունն է,- ասաց նա:
Օրհնության խոսք հղեց Վանաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ տեր Օհան քահանա Լուսարարյանը: Վանաձորի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Գագիկ Սիմոնյանն ընթերցեց համայնքի ավագանու որոշումը՝ Ռալֆ Յիրիկյանին ,,ՙՎանաձորի պատվավոր քաղաքացու,, կոչում շնորհելու մասին՝ հաշվի առնելով մարզկենտրոնում նրա կողմից իրականացված բարեգործական ծրագրերն ու մեծ ներդրումները: Ռ.Յիրիկյանը ներկաներին ողջունելու հնարավորություն ստացավ արդեն որպես համաքաղաքացի: Նա կոչ արեց յուրաքանչյուր խոսք գործով ապացուցել, սիրել հայրենիքն ու քաղաքը՝ այդ սերն ապացուցելով որևէ օգտակար գործողությամբ: Վերջերս Ռալֆ Յիրիկյանի կողմից բարեկարգ բնակարանների բանալիներ էր հանձնվել տնակային ավաններում բնակվող 20 ընտանիքի: Այդ ընտանիքների փոքրիկների կողմից ձեռագործ աշխատանքներ հանձնվեցին մեծ բարերարին՝ ի նշան երախտագիտության:
Մասյա Մանթեզը ևս շնորհավորեց վանաձորցիների տոնը՝ նշելով, որ Վանաձորի և Փասադենայի բարեկամությունն արդեն 20 տարվա պատմություն ունի: Նա հույս հայտնեց, որ այդ բարեկամությունը կշարունակվի դեռևս շատ երկար և քաղաքապետին հանձնեց հուշանվեր: Գեղարվեստական ելույթներով համաքաղաքային տոնակատարությանն առանձնակի շուք հաղորդեցին մայրաքաղաքից ժամանած Շուշան Պետրոսյանը, Արսեն Սաֆարյանը, Սիլվա Հակոբյանը, ինչպես նաև Վանաձոր քաղաքի երաժշտական համույթներն ու անհատ կատարողները: Համերգային ծրագիրը շարունակվեց մինչև ուշ երեկո և ավարտվեց շքեղ հրավառությամբ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:54:09