Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Անկախության 20-րդ տարելիցը տոնվեց հանդիսավորությամբ

27.09.2011

Հայաստանի Հանրապետության Անկախության 20-րդ տարեդարձի առթիվ, անկախության միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի և Լոռու մարզպետարանի նախաձեռնությամբ, սեպտեմբերի 21-ին Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում տեղի ունեցավ հանդիսավոր նիստ, որին մասնակցում էին ՀՀ վարչապետ, Ազգային անվտանգության խորհրդի անդամ Տիգրան Սարգսյանը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանը, ԱԺ պատգամավորներ, համայնքների ղեկավարներ, Երկրապահ կամավորական միության անդամներ, պատերազմի վետերաններ, բարձրաստիճան հյուրեր, մտավորականներ:
Օրհնության խոսք հղեց Գուգարաց թեմի առաջնորդը.
-Սա զուտ զգացական տոն չէ, այլ գիտակցական, որը տոնում ենք համոզմունքով: Այս անկախությունը մենք արյամբ ենք նվաճել: Ափսոս, որ շատերը չարժանացան հայրենիքն անկախ տեսնելու այս բախտին: Արդ, հարգենք նրանց հիշատակը, ովքեր զոհվեցին հանուն ազատության: Այժմ, խաղաղ օրերում պիտի կերտենք ու ստեղծենք արժեքներ, որոնցով կհպարտանանք,- ասաց Սեպուհ սրբազանը:
-Այս քսան տարիների ընթացքում անցանք լրջագույն փորձությունների միջով,- ասաց ՀՀ վարչապետը:- Սկզբում՝ աղետի գոտու վերականգնման աշխատանքներ: Երկրաշարժը լրջագույն փորձություն էր մեզ համար և խլեց բազմաթիվ մարդկային կյանքեր: Ապա՝ Արցախյան պատերազմ, դարձյալ բազում զոհեր: Տնտեսության խոր ճգնաժամ, սոցիալական լուրջ խնդիրներ, որոնք հաղթահարելը կյանքի ու մահվան կռվի էր համազոր: Ռուս-վրացական հակամարտությունը նույնպես զգալիորեն վնաս հասցրեց մեր տնտեսությանը, որին էլ հաջորդեց համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը: Ու չնայած այս ամենին՝ 20 տարիների ընթացքում մենք համառորեն կերտել ենք մեր անկախ պետականության հիմքերը: Այսօր տարածաշրջանում ունենք ամենակայացած բանակը և ձեզնից յուրաքանչուրը մեծ դեր ունի այդ գործում: Մեր նվաճումներն ակնառու են ու դրանք մեզ հպարտանալու առիթ են տալիս: Բանակն է մեր ազգի անվտանգ գոյության երաշխիքը:
Արթուր Նալբանդյանը շնորհավորելով բոլոր ներկաներին տոնի կապակցությամբ, ներկայացրեց մարզի զարգացման անցած ուղին ու հեռանկարները: -Մեր ժողովրդի պատմությունը հանուն անկախության մղվող պայքարի պատմություն է,- ասաց մարզպետը:- Ունեցել ենք ձախողումներ և ձեռքբերումներ, բայց չենք դադարել գոյություն ունենալ: Մեր սերնդին բախտ վիճակվեց անկախության ականատեսը դառնալ: Մենք երդվեցինք պատվով կրել այդ անկախությունը: Այն նվաճվեց ոչ միայն հանրաքվեի միջոցով, այլև համաժողովրդական պայքարով: Շատերն ընկան հերոսի մահով՝ փա՜ռք նրանց: Այս հաղթանակի ձեռք բերման գործում անմասն չեն մնացել նաև Լոռու մարզն ու լոռեցիները: Մեր մարզում զգալի բարեփոխումներ են կատարվում, որոնցում մեծ ներդրում ունեն կառավարությունը, նախարարությունները: Անելիքները բազմաթիվ են, սակայն ունենալով ժողովրդի և հասարակական կառույցների աջակցությունը, կհաղթահարենք բոլոր դժվարությունները: Լոռու մարզը հայոց պետականության ամրապնդման, հայոց գոյակերտի սրբատաշ հիմքերի անկյունաքարերից մեկն է և 20-ամյակը դիմավորում է ձեռքբերումներով,- մասնավորապես ասաց նա:
Ողջույնի և շնորհավորանքի խոսքեր հղեցին նաև Հայրենական պատերազմի, զինված ուժերի, աշխատանքի և իրավապահ մարմինների, վետերանների Վանաձորի քաղաքային խորհրդի նախագահ, պահեստազորի փոխգնդապետ Արտեմ Մանուչարյանը, Վանաձորի թիվ 24 դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Տաթև Հովսեփյանը:
Անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ Լոռու մարզի տարբեր բնագավառների մի խումբ վաստակաշատ անձինք պարգևատրվել էին ՀՀ նախագահի, վարչապետի և Լոռու մարզպետի կողմից: ՀՀ նախագահի անունից պարգևները հանձնեց Տիգրան Սարգսյանը: ,,Մխիթար Հերացի,, մեդալով պարգևատրվեց ,,Վանաձորի թիվ 2 հիվանդանոց,, ՓԲԸ լաբորատոր-ախտորոշիչ բաժանմունքի վարիչ Այծեմնիկ Օհանյանը: ,,Անանիա Շիրակացի,, մեդալով՝ ,,Արմենիան Քափըր Փրոգրամ,, ՓԲԸ մետալուրգիական արտադրամասի ձուլող բանվոր Գուրգեն Ղշյանը և ,,Պարնի,, ՍՊԸ-ի տնօրեն Խաչիկ Ոսկանյանը, ,,Մովսես Խորենացի,, մեդալով՝ Վանաձորի օլիմպիական հերթափոխի մենապայքարային մարզաձևերի մարզադպրոցի մարզիչ Ժորա Հովհաննիսյանը, ՎՊՄԻ-ի տնտեսագիտության տեսության ամբիոնի դոցենտ, տնտեսագիտության թեկնածու Հովիկ Շեկոյանը, Ալավերդու մշակույթի տան գեղարվեստական ղեկավար, ,,Թատերական Լոռի,, փառատոնի տնօրեն Հրաչյա Պապինյանը, Վանաձորի Ստ.Շահումյանի անվան (թիվ 6) հիմնական դպրոցի ուսուցիչ Անդրանիկ Սարգսյանը:
ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի կոչում է շնորհվել բանաստեղծ Հրաչյա Սարուխանին,ՀՀ վաստակավոր արտիստի կոչում՝ Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի Հասմիկ Ալեքսանյանին:
ՀՀ նախագահի շնորհակալագրերով պարգևատրվեցին ճանաչված բռնցքամարտիկ Հրաչիկ Ջավախյանը, Վանաձորի Ա.Պուշկինի անվան (թիվ 4) հիմնական դպրոցի ուսուցչուհի Անահիտ Սուքիասյանը: ՀՀ վարչապետի որոշումները՝ պարգևատրման մասին, հրապարակեց ՀՀ կառավարության աշխատակազմի ներկայացուցիչ Մանվել Մելիքյանը:
Վարչապետի շնորհակալագրեր հանձնվեցին Մարգահովտի միջնակարգ դպրոցի դասվար Սուսաննա Խառատյանին, Լոռու մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Սևակ Հովհաննիսյանին և ,,Թումանյանի ՃՇՇ,, ՓԲԸ տնօրեն Սամվել Տիտանյանին: Ի դեպ, սեպտեմբերի 18-ին ՀՀ կառավարության շենքում վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհակալագրեր էր հանձնել արձակագիր Ֆելիքս Շաքարյանին, քանդակագործ Բոգդան Հովհաննիսյանին և բանաստեղծ, լրագրող Մանվել Միկոյանին:
Անկախության հոբելյանի նախօրեին՝ Լոռու մարզպետի որոշմամբ սահմանվել է ,,Լոռու մարզպետի ոսկե հուշամեդալ,, պարգևը: Արթուր Նալբանդյանը թիվ 1 հուշամեդալը ետմահու շնորհեց ազատամարտիկ Սոս Նալղռանյանին: Մեդալը հանձնվեց քրոջը՝ Սոնա Նալղռանյանին: ,,Ոսկե հուշամեդալով,, պարգևատրվեցին պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, աշխարհի բազմակի չեմպիոն Վախթանգ Դարչինյանը (մեդալը հանձնվեց մարզիչ Վազգեն Բադալյանին) և Վանաձորի պատվավոր քաղաքացի, աշխատանքի վետերան Հայկ Օհանյանը:
Լոռու մարզպետի շնորհակալագրերով պարգևատրվեցին ՀՀ վաստակավոր մարզիչ Արամ Խանզադյանը, պատմաբան, բանաստեղծ, ազատամարտիկ Գևորգ Չատինյանը, Տաշիրի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Մելսիկ Սոլոյանը, Ստեփանավանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Մելանյա Ղազարյանը, Ալավերդու քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Անուշ Էվոյանը, խառատ Քաջևան Սարգսյանը (ք.Սպիտակ), ազատամարտիկ Աղասի Հախոյանը, Կողես համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանը, Վանաձորի Ավ.Իսահակյանի անվան (թիվ 2) դպրոցի անգլերեն լեզվի ուսուցչուհի Ալինա Ասոյանը, Ստեփան Զորյանի տուն-թանգարանի տնօրեն, բանաստեղծուհի Լենա Անթառանյանը, ՀՀ վաստակավոր մարզիչ Գագիկ Ղազարյանը և Սպիտակի բժշկական կենտրոնի թերապևտ Թամարա Լամբարյանը: Տոնակատարությունը շարունակվեց Հայքի հրապարակում, ուր տեղի ունեցավ տոնական համերգ Երևանից ժամանած արտիստների, տեղական գեղարվեստական խմբերի, անհատ կատարողների մասնակցությամբ: Ուշ երեկոյան վանաձորցիները վայելեցին տոնական հրավառությունը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36