Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

ՄԵՆՔ, ՄԵՐ ՀԱՎԵՐԺՈՂ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՄԲ

19.09.2011

ՄԵՆՔ, ՄԵՐ ՀԱՎԵՐԺՈՂ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՄԲ
Սիրելի հայրենակիցներ:
Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Անկախության տոնն է:
Այս նվիրական, պատմական օրը տոնում է Հայաստանի Հանրապետությունը, տոնում է աշխարհի համայն հայությունը, տոնում են մեր ժողովրդի բոլոր բարեկամները, նրանք, ովքեր ճանաչում և գնահատում են հայ ժողովրդին, քաջատեղյակ են նրա պատմությանը:
Մեր սերնդին բախտ վիճակվեց լինելու նախնիների երազանքի, պայքարի ու նվիրման դժվարին ճանապարհի հաղթական դրոշը հայոց անկախության անխորտակ միջնաբերդի վրա ծածանելու պատիվը:
Մեր անկախությունը իրականություն դարձավ ոչ միայն համաժողովրդական հանրաքվեով, այլև համաժողովրդական գոյապայքարով: Պայքարի առաջին գծում անձնվիրաբար մարտնչեցին մեր ժողովրդի լավագույն, պանծալի զավակները, մարտնչեցին հերոսաբար, անձնվիրաբար:
Շատերն ընկան մարտում, իրենց ոգու կորովը թողնելով սերունդներին:
Փա՜ռք, հայրենիքի պաշտպանության և ազատության համար նահատակված մեր հերոսներին:
Փա՜ռք հայոց հաղթական բանակին:
Մեր ժողովրդի ճակատագրում անցած 20 տարիները սոսկ ժամանակի դատարկ ընթացք չեն եղել: Անկախության յուրաքանչյուր տարին եղել է արդյունավետ, արձանագրվել են դրական տեղաշարժեր, ձեռքբերումներ:
Նվիրական այս օրը, ես չեմ կարող մի ուրույն հպարտությամբ չհիշատակել, որ մեր հանրապետության բոլոր ձեռքբերումներում անմասն չեն լոռեցիները. սարալանջերին տքնող հնձվորն ու անասնապահը, մեր գործարաններում քարից մետաղ ձուլող բանվորը, բամբակից թել մանող, հագուստ կարող բանվորուհին, բերք ու բարիք ստեղծող երկրագործը, քիմիագործը, շինարարը, բժիշկն ու մանկավարժը, արվեստի, մշակույթի ոլորտների գործիչները:

Այսօրվա Վանաձորը, Ալավերդին, Սպիտակը, Ստեփանավանը, Տաշիրը, մեր գյուղական համայնքները բոլորովին այլ կերպ, նորովի և բարետես են հառնում, քան երկու տասնամյակ առաջ:
Առանձնահատուկ և շնորհակալաբար պետք է նշեմ, որ այս գործընթացում մենք մշտապես զգացել ենք հանրապետության նախագահ պարոն Սերժ Սարգսյանի, վարչապետ պարոն Տիգրան Սարգսյանի կողմից դրսևորվող մշտական ուշադրությունը, որն արտահայտվում է և՛գործնական և՛ բարոյական սատարմամբ:
Այսօր մենք երախտագիտության խոսք ենք ուղղում նաև աշխարհի բարի կամքի տեր բոլոր երկրներին, սփյուռքի մեր բարեկամներին, ովքեր սատարեցին մեզ վերականգնելու ավերված շեներն ու քաղաքները, ովքեր զորավիգ՛ եղան մեր ժողովրդի ծանր պահին:
Անցած 20 տարում մարզում կառուցվել, ամրապնդվել և շահագործվել է 14 հազար 140 բնակարան, ավելի քան 26 հազար 300  աշակերտ/տեղով 81դպրոց, 895 մահճակալ/տեղով հիվանդանոցներ,1542 հերթափոխային հաճախականության համաբուժարաններ: Ավելի քան 15.7 միլիարդ դրամի ներդրումներ են արվել մշակութային օբյեկտների կառուցման և վերակառուցման համար:
Վերջին 20 տարում վերագործարկվել են Վանաձորի քիմիական գործարանը, Ախթալայի լեռնահարստացուցիչ ֆաբրիկան, Ալավերդու պղնձաձուլական գործարանը: Գործարկվել են Վանաձորի ,,Գլորիա,, ֆաբրիկան, թվով 16 փոքր հիդրոէլետրակայաններ, ,,Լոռի-1,, հողմակայանը, սննդի ավելի քան 30 փոքր և միջին արտադրություններ: Գործարկման շեմին է Արմանիսի ոսկի-բազմամետաղային հանքավայրին կից հարստացուցիչ ֆաբրիկան: Շուտով կվերագործարկվի նաև Վանաձորի ջերմաէլեկտրակայանը: Այս ամենի հետ, կառուցվել է միջպետական, հանրապետական և մարզային նշանակության գրեթե 1000 կիլոմետր ճանապարհ, նորովի գազիֆիկացվել է 18 հազար 650 բնակարան և այլն:
Զարգացման ծանրակշիռ նախատեսումներ կան նաև առաջիկա տարիների համար, որոնք արտացոլված են մարզի 2010-2013 թվականների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրում: Այդտեղ ըստ ամենայնի մշակված են բացառապես բոլոր ոլորտների զարգացման առաջնահերթություններն ու խնդիրները: Մենք մեծ բարեփոխումների ենք գնում գյուղատնտեսության, արդյունաբերության, բնապահպանության, կրթության, առողջապահության, մշակույթի, միով բանիվ, բոլոր բնագավառներում և ոլորտներում:
Մենք, լոռեցիներս, մեր բնաշխարհը շենացնելու հարցում հաստատակամ ենք և դա ցույց կտանք գործով::
Նորից ու կրկին, իմ և բոլորիս անունից կոչում եմ.
-Շնորհավոր անկախության տոնդ, Հայաստան:
-Շնորհավոր անկախության հոբելյանդ, հայ ժողովուրդ:
-Շնորհավոր քո 20-ամյա անկախությունդ լոռեցի հայր, մայր, քույր ու եղբայր:
-Շնորհավոր բոլորիս հաստատուն, աննահանջ, անկախ ընթացքի պանծալի 20-րդ հոբելյանի առթիվ:

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ
ԱՐԹՈՒՐ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:20:53