Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Շիրակամուտ

Մակերես` 26.68կմ2

Բնակչություն` 2550

Գյուղը գտնվում է Լոռու մարզում, Սպիտակի նախկին շրջանի վարչական տարածքում` Փամբակ գետի վերին հովտում: Սահմանակից է Գեղասար, Կաթնաջուր, Մեծ Պարնի, Գոգարան գյուղերին: Այստեղով է անցնում Վանաձոր-Գյումրի խճուղային ճանապարհը և երկաթգիծը՝ Նալբանդ կայարանով: Գյուղը հիմնադրվել է 1829թ. ներկայիս տեղում: Ծովի մակերևույթից բարձր է 1670մ, վարչական տարածքը կազմում է 2922հա, որից գյուղի բնակատեղը` 140հա: Տարվա եղանակներից անհամեմատ լավն է աշունը, ձմեռը երբեմն խստաշունչ է, գարունը սովորաբար ուշացած է գալիս, իսկ ամառը տաք է` հաճախակի քամիներով:
Տարեկան տեղումները քիչ են, իսկ վերջին տարիներին նկատվում է, որ ձյուն քիչ է գալիս: Լինում է նաև կարկտահարություն:
Գյուղը գտնվում է ուժեղ սեյսմիկ գոտում, հաճախակի են լինում երկրաշարժերը: Հիշարժան են 1926թ. եւ 1988թ. երկրաշարժերը: Վերջինիս էպիկենտրոնը Շիրակամուտ-Նալբանդ գյուղն էր:
Չնայած համայնքը ոռոգման ջրի հետ կապված դժվարություններ չունի, բայց և այնպես այս արտադրությունը կախված է բնության քմահաճույքից: Գյուղատնտեսության համար պիտանի հողատեսքերը շատ են սուղ, ցածր է նրանց բերրիությունը: Եթե անձրևային տարիներին որոշ չափով դեռ կարելի է բերք հավաքել, ապա երաշտի տարիներին, ինչպես նաև կարկտահարության հետևանքով, գյուղացին կորցնում է բերքի 50-60%-ը: Հողագործության մեջ գյուղացին հիմնականում զբաղվում է կարտոֆիլի, կաղամբի, առանձին բանջարա-բոստանային մշակաբույսերի, ցորենի, գարու, առվույտի, կորնգանի, միամյա խոտաբույսերի արտադրությամբ:
Անասնապահությամբ զբաղվում է ազգաբնակչության շուրջ 50-55%-ը: Դժվարություններ կան արոտավայրերի և մսուրային շրջանի համար անասնակերերի կուտակման գործում: Վատ է խտացրած կերերի արտադրությունը: Առանձին տնտեսություններ զբաղվում են մեղվապահությամբ: Ցածր է թռչնաբուծությունը:
Գյուղն ունի 1 միջնակարգ դպրոց 400 սովորողով, որի տիպային շենքը շահագործվել է 2001թ.-ի սեպտեմբերին: Դպրոցն աշխատում է երկհերթ: Գյուղն ունի նաև ութամյա դպրոց, որտեղ սովորում են 82 աշակերտներ: Շենքային պայմանները բարվոք են: Երկու դպրոցներն էլ ունեն մարզահրապարակներ, ապահովված են խմելու ջրով:
Գյուղն ունի նաև երաժշտական դպրոց, որը գործում է գյուղապետարանի ենթակայության տակ և ֆինանսավորվում է համայնքի բյուջեով: Այստեղ աշխատում են 6 ուսուցիչներ եւ սովորում են 34 սաներ: Դպրոցը գործում է համայնքային կենտրոնի շենքում: 1988թ. երկրաշարժից հիմնահատակ ավերվել է մշակույթի տունը: Գործող գրադարանն ունի 1260 անուն գիրք: Ինչպես մշակույթի տունը, այնպես էլ գյուղապետարանը, գրադարանը, «Հայփոստը» գործում են նորակառույց, հարմարավետ համայնքային կենտրոնի շենքում:
Գյուղում գործում է հայ ավետարանչական եկեղեցու հոգևոր կենտրոնը, որտեղ զգալի աշխատանքներ են կատարվում ազգաբնակչության հոգևոր դաստիարակության գործում, կազմակերպվում է ամառային շուրջօրյա ճամբար, պայքար է տարվում աղանդների դեմ:
Գյուղում գործում է մեկ առողջության կենտրոն, որը գտնվում է բարվոք վիճակում: Շենքը կառուցվել է երկրաշարժից հետո շվեյցարական «Կարմիր Խաչ»-ի կողմից: Ազգաբնակչության բուժսպասարկման գործով զբաղվում են 6 բժիշկներ և 13 բուժքույրեր: Վերջին տարիներին հանրապետությունում առողջապահության համակարգի արմատական փոփոխության պատճառով փոփոխության ենթարկվեց նաև համայնքի հիվանդանոցը, որն սպասարկում էր շրջակա Գեղասար, Կաթնաջուր, Լուսաղբյուր և Խնկոյան գյուղերին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-06-23 17:49:00